
Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն այսօր Ֆեյսբուքում հրապարակել էր հայկական զինուժի կողմից խոցված իսրայելական արտադրության ադրբեջանական անօդաչու թռչող սարքի տարբեր մասերի լուսանկարները։
Կից քննարկման ընթացքում չէր հստակեցրել, թե որ տեսակի ԱԹՍ–ի մասերն են, բայց ճշտել էր, որ շատ «թանկանոցը» չէ։ Սա միակ հրապարակումը չէ խոցված ԱԹՍ–ների վերաբերյալ։ Մի քանի տիպի խոցված ԱԹՍ–ների լուսանկարները պարբերաբար շրջանառվում են սոցցանցերում։
Զուգահեռ արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ իսրայելցի մասնագետները հրավիրվել են Ադրբեջան։ Այս լուրը ուշագրավ է նրանով, որ արդեն կա նախադեպ, երբ իսրայելցի մասնագետները մասնակցել են հայկական դիրքերի ռմբակոծության փորձերին։
Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի պարկը վերջին օրերին լուրջ վնաս կրեց։ Հայկական կողմի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն իր իսկ վերջին սադրանքի արդյունքում կորցրել է 14 ԱԹՍ։ Հետախուզական Orbiter 3–ը խոցվել է Արցախում, 13–ը՝ Տավուշում։ Ադրբեջանի կորցրած հարվածային և հետախուզական ԱԹՍ–ները տարբեր տեսակի են, տարբեր արժեքի, բայց բոլորն էլ՝ Իսրայելի արտադրության։ Դա է պատճառը, որ իսրայելցի մասնագետները հրավիրվել են Ադրբեջան։
Նպատակների մասին կարող ենք միայն ենթադրել, քանի որ այս առումով շատ տեղեկություններ չկան։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հավանական է համարում «քննության անցկացման» տարբերակը, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները կորցրել աննախադեպ թվով ԱԹՍ-ներ։

«Դրանց կառավարումը բավականի նրբություններ ունի և տարիների ընթացքում պետք է յուրացնել։ Հասկանալի է, որ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրած տեխնիկային ավելի լավ են տիրապետում։ Իսրայելական այդ ԱԹՍ–ները համարվում են բավականին լավ, տեխնոլոգիապես հագեցած սարքեր, որոնք խոցումը բավականին բարդ է։ Միգուցե նաև ուսումնասիրություններ կկատարեն, թե որտեղ է խնդիրը առաջացել, ինչ թերություններ կան իրենց անօդաչուների հարցում, թե՝ արդյո՞ք թերություններն առաջացել են կառավարման հարցում կամ միգուցե հայկական կողմի ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության համակարգերն են բավականին լավ արդիականացված և արդեն տեխնոլոգիապես բավականաչափ հագեցած չեն այդ անօդաչուները»,- ասում է Տարոն Հովհաննիսյանը։
Առաջին հայացքից նորմալ է, երբ արտադրողը փորձում է հասկանալ իր արտադրանքի, այսպես ասենք, «թերությունները»։ Բայց արդեն նախադեպեր են եղել, երբ Հայաստանը բախվել է մասնագետների «անպատասխանատու» քայլերին։ Առնվազն մեկը հաստատված փաստ է, հիշեցնում է Տարոն Հովհաննիսյանը։
«Մենք գիտենք, որ «Aeronautics» ընկերության մասնագետները 2017 թվականի հուլիսին Orbiter 1K տեսակի կամիկաձե ԱԹՍ–ն օգտագործել են Արցախում ՊԲ դիրքերի ուղղությամբ։ Ինչպես նաև կային չհաստատված տեղեկություններ, որ 2016–ի ապրիլին ևս եղել է դեպք։ Կային խոսակցություններ, որ այն ժամանակ էլի ԱԹՍ–ները իսրայելցի մասնագետներն են օգտագործել»։
«Aeronautics» ընկերության մասնագետների գործողություններով պայմանավորված սկանդալը մեծ զարգացում ստացավ 2017–ին։ Քրեական գործ, հետաքննություններ, որոնք տևեցին շուրջ 2 տարի։

Հետաքննության փաստաթղթերում ներկայացվում էր, որ «Aeronautics Defence System» ընկերությունն ընկերությունն իր աշխատակիցներին Բաքու էր ուղարկել արտադրանքը ցուցադրելու համար։ Orbiter 1K տեսակի ԱԹՍ–ի ցուցադրման ժամանակ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը խնդրել էր ընկերությանը փորձարկումներն իրականացնել հայկական դիրքերի վրա։ ԱԹՍ–ները լիցքավորել են պայթուցիկներով և «կամիկաձեի» առաքելությամբ ուղարկել հայկական դիրքեր։
Իսրայելի օրենքներով` նման փորձարկումները հակաօրինական են. դրա համար հատուկ թույլտվություն է անհրաժեշտ։ Քննության ժամանակ քիչ հավանական է համարվել , որ ընկերությունը ստացել է նման թույլտվություն, քանի որ Իսրայելը Հայաստանին թշնամական պետություն չի համարում։ Այս հետաքննության արդյունքները ազդեցին ոչ միայն ընկերության ղեկավարների հետագա աշխատանքի, այլև՝ «Aeronautics Defence System» ընկերության ողջ ապագայի վրա։
Նախադեպը բավարար է, որպեսզի այս անգամ իսրայելցի մասնագետները զերծ մնան արկածախնմդրությունից։
Տարոն Հովհաննիսյան․ «Որոշակի զգուշավորություն իսրայելցի մասնագետները իհարկե կցուցաբերեն, որովհետև «Aeronautics» ընկերությունում իհարկե կային այլ գործոններ ևս, բայց այս գործոնի ազդեցությամբ ևս, ըստ էության, գնաց սնանկացման և վաճառվեց իսրայելական մեկ այլ խոշոր ընկերության։ Համենայնդեպս, իրենց համար այդքան էլ հաճելի գործընթաց չէր այդ քննության միջով անցնելը 2 տարի»։
Ուրագրավ է, որ վերջին օրերին սահմանային լարման ընթացքում մարտական առաջին քայլերն են արել նաև հայկական արտադրության ԱԹՍ–ները։ Այս դեպքում, ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը չեն խոսել հայկական արտադրության ԱԹՍ–ների խոցման մասին։




