
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ հիշատակելով կյանքից հեռացած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։
Ըստ պատգամավորի՝ նա միակն էր, որ անվերապահորեն հավատում էր հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ներ ստեղծելու ծրագրին։
«Ապրիլյան պատերազմից հետո, երբ քննարկում էինք հարվածային ԱԹՍ-ները ստեղծելու ծրագրերը, թվում էր հեռավոր մի երազանք:
Մի նվիրյալ կար, որ անվերապահ հավատում էր, որ մենք կարող ենք՝ լուսահոգի Կարենն էր Վարդանյան…
Երազանքդ իրականություն է դարձել, թշնամու տանկերը խոցված են, հայկական հարվածային ԱԹՍ-ներից:
Այսօր, երբ մեր ՊՆ-ը հրապարկեց ադրբեջանական երեք խոցված տանկերի նկարները, հասկանում ես, որ անհնար ոչինչ չկա, եթե դրված է նպատակը, կա նվիրյալների թիմ ու քաղաքական կամք՝ ունենալ հայկական ռազմարդյունաբերություն:
Դեռ կհասցնենք վերլուծել, բայց կարծում եմ արժի շնորհակալություն հայտնել մեր զինագործներին, որոնք առաջնագծում այս օրերին մարտական առաջադրանք էին կատարում ու փորձարկում իրենց ստեղծածը»,- գրել է Տիգրան Կարապետյանը:




