
Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններն ու դրանց հետևանքները համացանցում տարբեր նախաձեռնությունների առիթ են դարձել։ Շատերն իրենց օգնությունն են առաջարկում գործողություններից տուժած համայնքների բնակիչներին, մյուսները նվիրատվություններ են նախաձեռնում՝ ի աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքների։
Նախաձեռնություններից շատերն անակնկալի են բերում զինծառայողների հարազատներին։ Այդպես եղել է Սոս Էլբակյանի ընտանիքի դեպքում։ Համացանցում հայտնված հայտարարությունը նրանց նախ վրդովեցրել է, հետո հասկացել են, որ նախկին համագյուղացիներից մեկի ինքնաբուխ նախաձեռնությունն է։
Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս–արեւելյան հատվածում հունիսի 14-ին չդադարող կրակոցներից մեկը դիպավ կապիտան Սոս Էլբակյանին: Րոպեներ անց համացանցում հայտնվեց նրա ապրեցնող ժպիտով լուսանկարը: Սոսը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, ընդամենը՝ 28 տարեկան: Մեկ օր հետո Ահարոն Հայրապետյան անուն- ազգանունով օգտատիրոջ կողմից ՖԲ սոցիալական ցանցում հայտնվեց հանգանակություն սկսելու հայտարարություն՝ հաջակցություն կապիտան Սոս Էլբակյանի ընտանիքին: Օգտատերը խնդրանքով դիմել էր բոլորին․ «Ցանկացած նվիրատվություն մեծապես գնահատվում է: Սա մի փոքր օգնություն է բոլորիս կողմից մեր ազգի հերոս Սոսի ընտանիքին: Նա իր կյանքը զոհեց մեր երկրի՝ Հայաստանի, և մեր ժողովրդի համար»:
Սոսի հորեղբոր որդին՝ Կարեն Արշակյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այդ հայտարարության մասին տեղեկացել են համացանցից: Սկզբում շատ են վրդովվել, բայց հետո պարզել են, որ նախաձեռնության հեղինակը իրենց համագյուղացին է, որն այժմ բնակվում է ԱՄՆ -ում ու պարզապես ուզում է ինչ-որ կերպ օգնել:
«Սկզբից տեղյակ չենք եղել, բայց հետո իմացանք, որ մեր գյուղացին է: Ուղղակի պետք չէր տեքստում նշել, որ հանգանակությունը հավաքվում է թաղման և այլ ծախսեր հոգալու համար: Կա հարազատություն, կան ընկերներ, և կապիտանին վայել հուղարկավորություն է կազմակերպվել: Իսկ եթե մարդիկ ցանկանում են, որ Սոսի ընտանիքն ավելի բարեկեցիկ ապրի, կարող են օգնել․․․․ Բայց, նորից եմ կրկնում, ոչ թաղման ծախսեր հոգալու համար»,- ասում է Կարենը:

Վերջին անգամ նա հորեղբոր որդու հետ խոսել է հուլիսի 13 –ին:
«Վերջին անգամ խոսել եմ դեպքի իրիկունը: Ինքը երբեք ծառայությունից չի դժգոհել: Ասացի՝ Սոս ջան, մի հատ որ լավ սնայպեր տաք, կգամ կողքդ կկանգնեմ: Ասաց՝ դուք ձեր կռիվը արել եք, էս արդեն մեր կռիվն է»:
Կարեն Արշակյանը մասնակցել է արցախյան ու քառօրյա պատերազմներին։ Ասում է՝ իրենց ընտանիքում Սոսը միակ զինվորականը չէր։ Մյուս հորեղբորորդին եղել է Գեղազնիկ Միքայելյանի՝ Չավուշի ջոկատից, զոհվել է 22 տարեկանում: Սոսը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ապա լեյտենանտի կոչումով անցել ծառայության Զինված ուժերում:
«Մեր ծնված ցանկացած զավակ պետք է ունենա հայրենիքը պաշտպանելու հնարավորություն։ Վառոդի հոտը պետք է լինի իր քթի մեջ: Թող նրանք լինեն վերջին զինվորները ․․․ Ես չեմ ցանկանա, որ ոչ մի մայր լաց լինի, բայց երբ պետք է հայրենիքին՝ պետք է ոտքի կանգել»,- ասում է Սոսի զարմիկը:
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։




