
Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, ոստիկանությունը կոչ է անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել առաջիկա կիրակի օրն ավանդական կերպով չտոնել Վարդավառը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
« Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:
Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:
Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:
Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից», — ֆեյսբուքում գրել է Ավինյանը՝ տեղեկացնելով նաև, որ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:




