ԿարևորՔաղաքական

Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին է ներկայացվել սահմանին տիրող իրավիճակը

Հուլիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:

Հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը դեսպաններին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը:

ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության խախտմամբ հուլիսի 16-ին Ադրբեջանի կողմից գործողությունների վերսկսումը ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում:

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի այս գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ։

ԱԳ նախարարն ընդգծել է կրակի դադարեցման և 1994թ. հրադադարի լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։

Տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում Զոհրաբ Մնացականյանը դատապարտել է Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը։

Կարդացեք նաև

Back to top button