ԿարևորՀասարակություն

ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել վերահսկողության տակ. ՀՀ վարչապետ

Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է արել Տավուշի մարզում՝ «Անվախ» կոչվող դիրքը գրավելու նպատակով, որը կանխվել է: Այս մասին կառավարության  այսօրվա նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիրքը գտնվում է Այգեպար և Մովսես գյուղերի մոտ, և հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:  ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ  ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ 

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

«Զուգահեռ մարտեր են ընթացել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ»,-ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի՝ ոչ զինվորների, ոչ էլ քաղաքացիական բնակչության շրջանում:

Նա արձանագրել է նաև, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: «Ես արդեն հանձնարարել եմ գնահատել վերջին օրերին հասցված վնասները և տալ գնահատական»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Back to top button