
Բաքվում այս գիշեր ծավալված իրադարձություններին է ֆեյսբուքյան գրաառմամբ անդրադարձել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Բաքվի փողոցներ դուրս եկած երիտասարդությունը պահանջել է շարունակել ռազմական գործողությունները և ավելի կոշտ ու արմատական քայլեր ձեռնարկել մարտի դաշտում։ Ինչպես նշում է Վերանյանը, երթերի սկզբնական փուլում թվացյալ տպավորություն կարող էր ստեղծվել, որ ցուցարարներն իրենց հանրային աջակցությունն են հայտնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, սակայն ժամերի ընթացքում երթերն ու ցույցերն ընդունել են հակաիշխանական բնույթ. արդյունքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև։
«Ինչ կարելի է սպասել`
1. Ալիևը ստիպված որոշ վերադասավորումներ ու նշանակումներ է կատարում գլխավոր շտաբի և անհաջողությունների համար պատասխանատու կորպուսում
2. Ադրբեջանական կողմն ակտիվացնում է ռազմական գործողությունները` երկրի ներսում կրքերը հանդարտեցնելու նպատակով. Արժանանալով հայկական կողմի կոշտ դիմադրությանը և չունենալով հաջողություններ, Ալիևը դիմում է ապատեղեկատվության խորացմանը` նպատակ ունենալով զեղծարարությամբ հանդարտեցնել երկրում հասունացող դժգոհությունները
3. Արաբական գարնան սցենարով, հանրային դժգոհությունների ալիքն ընդլայնվում է, պահանջներում ավելի շատ սկսում են հնչել սոցիալական արդարության, իշխանափոխության կոչեր.
4. Ստեղծված իրավիճակում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը դառնում է ավելի ցածր` պայմանավորված Ալիևի իշխանության պահպանման տեսանկյունից Ադրբեջանում ցույցերի, հանրային դժգոհությունների ծավալման ու հետևանքների անորոշության հետ
5.Մեծանում է սահմանային լարվածության թուլացման և բանակցությունների գնալու Ալիևի պատրաստակամությունը
6. Ալիևը երկրում զուգահեռաբար իրականացնում է սոցիալ-տնտեսական բարեփոխումներ` համավարակի հետևանքները հաղթահարելու, հանրային դժգոհության ալիքը հանդարտեցնելու նպատակով.
7.Սցենարներից մեկի համաձայն էլ, արաբական գարնան տրամաբանությամբ ցույցերը ավելի բուռն ընթացք են ստանում, դառնում անվերահսկելի, ինչը կարող է հանգեցնել իշխանափոխության
Այս ամենում էապես մեծանում է հայկական կողմի գործողությունների ու դիրքորոշման նշանակությունը»,–գրում է փորձագետը։




