ԿարևորՀասարակություն

Որևէ սադրանք անպատասխան չի մնալու․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերը երեկ սադրիչ գործողություններ են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ տեղակայված սահմանային դիրքերը։ Հակառակորդը հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ։ Այսօր առավոտյան Ադրբեջանը վերսկսել է սադրիչ գործողությունները։ Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են։Պն խոսնակը ՖԲ իր էջում է գրել է, որ հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։

Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ «Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին՝ ԱԹՍ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի օգտատերերը խոսում են նաեւ իրենց կողմից 17 հոգու մահվան մասին։ 

Սահմանին կատարվածի մասին հայտարարություն են տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԱԳՆ-ն։ Հայ-ադրբեջանական սահմանին երեկ ու այսօր տեղի ունեցածին անդրադարձ է կատարվել նաեւ կառավարության այսօրվա նիստում։

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են՝ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին երեկ տեղի ունեցած եւ այսօր վերսկսված իրադարձություններին։

 «Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետեւանքների ողջ պատասխանատվությունը։ Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում Ադրբեջանի գործողություններին՝ ակնհայտ եւ արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»։

Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում՝ նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արդեն տեւական ժամանակ է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է խաղարկել հակահայկական քարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով։

«Հնարավոր է գործ  ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճի հետ, որի համատեքստում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որը արտահայտվում է նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների։ Սրա մասին է վկայում նաեւ այն, որ Ադրբեջանը այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին։ Ստացվում է, որ որքան տարածվում է համավարակը Ադրբեջանում, որքան սրվում է սոցիալ-տնտեսական վիճակը, այնքան սրվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական եւ ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը, փոխանակ սեփական ժողովրդին կոչ աներ պահպանել առողջապահական անվտանգության կանոնները, հանդես էր գալիս ռազմական՝ պատերազմի կոչերով, կարծես թե, հակահայկականությունը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է»։

Որեւէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում՝ վստահեցրեց վարչապետ Փաշինյանը՝ կոչ անելով անվերապահ զորակցություն հայտնել զինված ուժերին, զինվորներին ու հրամանատարներին, ովքեր այս պահին ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Նրանք պետք է ունենան ամուր թիկունք եւ մեզնից յուրաքանչյուրն այդ թիկունքի մի մասնիկն է՝ ձեւակերպեց վարչապետը։ Կոչ արեց վստահել բացառապես պաշտոնական աղբյուրներին ,  այս շրջանում մեր հասարակության տեղեկատվական դիմակայությունը հայոց բանակի հաղթանակի կարեւորագույն գրավականներից է՝ ասաց։

Երեկ եւ այսօր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից եւ չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։Հայկական կողմից կորուստներ չկան»: Զեկուցելով տեղի ունեցածի մասին՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում նաեւ հայտնեց, որ նույն սցենարով՝ տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ հակառակորդը պարբերաբար հրետակոծությունը վերսկսում է։ 

 «Պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ, հրետակոծությունը վերսկսում է, որի դադարը եղել է գիշերը ժամը 3.30-ից մինչեւ 5.30։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը եւ համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը։ Օպերատիվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է եւ կառավարելի է»։

Ռազմական գերատեսչությունը հաղորդել է նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Պաշտպանության նախարարը դեսպան Կասպրշիկին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։Ադրբեջանական կողմի կորուստների եւ իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Երեկվանից համանախագահ երկրների հետ մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Այս մասին տեղեկացրեց մեր երկրի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Տեղեկատվության փոխանակման եւ համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է եւ հիմա էլ է շարունակվում։ Դրան զուգահեռ մենք նաեւ կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ եւ նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ։ Սա նույնպես շարունակական է։ Բնականաբար, այդ առումով, մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է եւ մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի ու բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի է ունենում այդ ուղղությամբ»։

ՀՀ զինված ուժերը վստահորեն  տիրապետում են իրավիճակին եւ որեւէ կասկած չկա, որ մեր զինված ուժերը ի վիճակի են եւ կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը՝ կառավարության նիստում հարցի քննարկումը եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Կարդացեք նաև

Back to top button