
Միլիարդատեր բարերար Բիլ Գեյթսը կոչ է արել COVID-19 դեղամիջոցները և վերջնական պատվաստանյութը հասանելի դարձնել այն երկրներին և նրանց, ովքեր դրանց կարիքն ամենաշատն ունեն, այլ ոչ թե տրամադրել «ամենաբարձր գին առաջարկողին»:
«Եթե մենք պարզապես թույլ տանք, որ դեղամիջոցներն ու պատվաստանյութերը գնան ամենաբարձր գումար առաջարկողին, այլ ոչ թե մարդկանց և այն վայրերը, որտեղ դրանք ամենաշատն են անհրաժեշտ, մենք կունենանք ավելի երկար և ավելի մահացու համավարակ», — COVID-19-ի դեմ պայքարին նվիրված առցանց կոնֆերանսի ժամանակ հայտնել է Microsoft- ի հիմնադիր Գեյթսը, հայտնում է Reuters-ը։
«Մեզ պետք են առաջնորդներ, ովքեր կկարողանան կայացնել բաշխման այս բարդ որոշումը՝ հաշվի առնելով ոչ թե շուկայական առաջնահերթությունները, այլ արդարությունը»,- հավելել է Բիլ Գեյթսը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ աշխարհը ի վիճակի է հաղթահարելու COVID-19-ի համավարակը: Արդեն լուրջ առաջընթաց է գրանցվել պատվաստանյութերի մշակման գործում:




