
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը որոշում է ստորագրել, որով Սուրբ Սոֆիան վերածվել է մզկիթի։ Սպասվում էր, որ Էրդողանը որոշումը կհրապարակի հուլիսի 15-ին, սակայն դա արել է այսօր՝ դատարանի որոշումից անմիջապես հետո։
Թուրքիայի իշխանությունների որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել աշխարհում։
Սուրբ Սոֆիայի տաճարը, որը Կոստանդնուպոլսի գրավումից հետո վերակառուցվել էր մզկիթի, 1934 թվականին վերածվեց թանգարանի և այդ կարգավիճակում էր մինչ օրս։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար, հայտնում է Ermenihaber-ը:

Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը դեռևս 2016թ․ էր նման հայցով դիմել Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան։
Հուլիսի 2-ին կայացած դատարանի նիստից հետո հայտարարվել էր, որ այդ գործով վճիռը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։
Ավելի վաղ՝ 2005 և 2008 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունը դարձյալ դիմել էր նույն ատյանին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշման չեղարկման և կառույցը մզկիթի վերածելու պահանջով, բայց մերժում էր ստացել։




