
Զվարթնոցից Տեղեր՝ շենացնելու պապենական գյուղը։ Ժողովրդական վարպետ Ալբերտ Պարսամյանը հինգ տարի առաջ Տեղերում որոշեց հիմնել իր բրուտագործության կենտոնն ու տեղացի երեխաներին փոխանցել սիրելի արհեստը։
Այսօր արդեն ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Չինաստանից են գալիս Տեղեր՝ բրուտագործությամբ զբաղվելու, գորգ հյուսելու ու անգամ՝ թոնրում լավաշ թխելու։ Համավարակն այս տարի արտասահմանցիների հոսքը դեպի Տեղեր կանխեց, բայց այսօր էլ տեղացի զբոսաշրջիկներն են խախտում Տեղերի պատմական լռությունը։
Գյուղի տարածքը համարելով հարմար, ասել են. «Լավ տեղեր են»։ Այդտեղից էլ բնակավայրը կոչվել է Տեղեր։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն Տեղեր գյուղի անունը կապվում է շրջակայքում աճող դեղաբույսերի հետ։ Այդ պատճառով գյուղը անվանել են նաև Դեղեր-Դղր։

Պատմական հարուստ անցյալով ու խիստ կոլորիտային Տեղերը Ալբերտ Պարսամյանի պապերի գյուղն է։ Դրա համար էլ հենց այստեղ որոշեց հիմնել բրուտագործության իր կենտրոնը, երբ հինգ տարի առաջ միջազգային կազմակերպությունից առաջարկ ստացավ․

«Ես բրուտագործ եմ, նաև ժողովրդական վարպետ՝ քսան տարուց ավելի։ Զվարթնոցում եմ ապրում, այնտեղ արվեստանոց ունենք։ Ինձ առաջարկեցին Արագածոտնի մարզում զարգացնել բրուտագործությունը, և ես սիրով համաձայնեցի՝ ասելով, որ ես կարող եմ դա Դղրում անել, որովհետև իմ ծնողները Դղրում են ծնվել։ Իմ պապերը այստեղ հողեր ունեն»,-ասում է Պարսամյանը։

Պարսամյանի ծնողները 50-ականներին են լքել գյուղը, երբ խորհրդային իշխանության կամայական որոշմամբ տարածքի մի քանի գյուղեր տեղահանվել և բնակեցվել են Պռոշյան ավանում։ 198օ-ականների վերջին Տեղեր գյուղը կրկին վերաբնակեցվել է։ Պապի տնկած երեք ընկուզենիների կողքին նաև հոր՝ վերադարձից հետո տնկած ծառերն են, իսկ այսօր նաև իր՝ ոչ միայն տնկած ծառերը, նաև ստեղծած հյուրատունը, իսկ ամենակարևորը՝ բրուտագործության կենտրոնը։

«Հյուրատունը թողնենք մի կողմ, ինձ համար շատ կարևոր է բրուտագործության կենտրոնը։ Այն, ինչ պահել եմ տարիներ շարունակ, ուզում եմ փոխանցել մեր երեխաներին։ Գալիս են, վարպետության դասեր ենք անում, հետաքրքիր է շատ։ Շատ եմ ուզում զարգացնել ու բերել այն աստիճանի, որ այստեղ նաև դպրոց բացեն։ Երեխաները դպրոց չունեն։ Գյուղը նոր է վերականգնվել, կամաց-կամաց զարգանում է»։

Արագած լեռան հարավային լանջին գտնվող Տեղեր գյուղում վանական համալիրն ու Սուրբ Վրթանես սրբավայրի ավերակներն են: Պարսամյանների ընտանիքը համոզված է՝ գյուղի պատմական նշանակության վայրերի, իրենց արվեստի դասերի միջոցով կկարողանան Դղրում պատմամշակութային և գյուղական տուրիզմը զարգացնել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում կառուցված հյուրատանը աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի են ընդունել։ ԱՄՆ-ից, Եվրոպայից, անգամ Չինաստանից եկած զբոսաշրջիկներին գրավում է հատկապես կոլորիտային միջավայրն ու ժողովրդական արհեստները։

«Նրանց հետաքրքրում է այս հին միջավայրը, շատ հետաքրքրում է բրուտագործությունը, նաև գորգագործություն ենք սովորեցնում, խաչքարերի փորագրություն նաև պիտի լինի։ Նպատակս է՝ որպեսզի ինքը դառնա հին արհեստների կենտրոն։ Պետք է ուղղակի ճիշտ մատուցես այն, ինչ ունես։ Շատերին զարմացնում է, օրինակ, Ալվարդի պատրաստած կերակուրները՝ սունկը, կանաչեղենը։ Թոնրի մաստեր կլաս ենք անում նաև, հաց ենք թխում»,- ասում է Ալբերտը։

Պարսամյանների ստեղծած դրախտը ևս, սակայն, չշրջանցեց համավարակը։ Արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք դեռ մեկ տարի առաջ էին ամրագրել իրենց տեղը Տեղերի հյուրատանը, պարզապես չկարողացան ժամանել Հայաստան։ Բայց դժվարություններից գլուխը չկորցնող ընտանիքը այս օրերին էլ հյուրերի պակաս չունի․ տեղացի հյուրերն են աշխուժացնում Տեղերի կյանքը, իհարկե՝ դիմակներով, մեկ ու կես մետր հեռավորությունը պահպանելով։




