Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիզմին:
Մաքենանին վկայակոչել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այն հուշարձանների շարքում, որոնք վերջերս պղծվել և վնասվել են ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում:
«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ոնենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», — ասել է Սպիտակ տան խոսնակը:
Չնայած ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախընտրել է «զանգվածային վայրագություններ» կապակցությունը՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից:
Կոլորադո նահանգի Կապիտոլիումի բակում տեղադրված խաչքարը, այլ հուշարձաննեի շարքում ցուցարարների կողմից պղծվել էր մայիսի վերջին:
«Սևամորթների կյանքերը կարևոր են» կարգախոսով բողոքի ակցիաները սկսվեցին ԱՄՆ մի շարք քաղաքներում այն բանից հետո, երբ մահացավ ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: