
Խնջույքներն աղմկոտ ու գունեղ հրավառությամբ եզրափակելը մեր առօրյայի անբաժանելի մասն են։ Օրենքը չի արգելում հրավառությունները, բայց հստակ արգելում է դրանք գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։
Գիշերային ժամերին հրավառություն իրականացնողները ենթարկվելու են պատասխանատվության՝ զգուշացնում են ոստիկանությունից։ Բայց որքան էլ ոստիկանությունը զգուշացնում է, հրավառությունները ոչ միայն շարունակում են անհանգստացնել քնած բնակիչներին, այլև թաղամասեր կան, որտեղ հրավառության պակաս չեն զգում և ոչ մի գիշեր։
Գիշերային հրավառությունները ոչ միայն շարունակվում են, այլև ավելացել են՝ ահազանգում են բնակիչները ու տարակուսում, թե ինչու համապատասխան մարմինները չեն կարողանում ապահովել օրենքի պահանջների կատարումը։
Դեռ 2 տարի առաջ նույն հարցը կառավարության նիստին հնչեցրեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով խստագույն հետևել և բացառել գիշերային հրավառությունները։
«Չլինի՛ հրավառություն, վե՛րջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ օրենքը կատարվի, ուրեմն վատ է աշխատում։ Դուք լուծեք էդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Թե ինչու են անգամ նման նկատողությունից հետո շարունակվում գիշերային հրավառությունները, փորձեցինք պարզել հենց վերահսկող մարմնից՝ ոստիկանությունից։ Մեզ, սակայն, խոստացան միայն վիճակագրություն ներկայացնել, իսկ հարցազրույցի համար, պարզվեց, անհարմար պահ ենք ընտրել․ ոստիկանության բոլոր ռեսուրսներն այս փուլում կենտրոնացած են համավարակի վերահսկողության վրա։
Ավելի ուշ հայտարարություն տարածվեց, որ ոստիկանությունը լուրջ միջոցներ է ձեռնարկում հրավառությունները կանխելու ուղղությամբ՝ բնակչության շրջանում բացատրական աշխատանքից մինչև հյուրանոցառեստորանային համալիրների տնօրինության հետ հանդիպումներ ու զրույցներ։ Համոզման մեթոդն արդյունքներ տալիս է, բայց լռության կանոնների խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվում են, և ոստիկանությունն անցնում է կոշտ վարչարարության՝ չթույլատրվող ժամի հրավառություն իրականացրած անձանց ու տնտեսվարող սուբյեկտներին վարչական պատասխանատվության ենթարկելով։

Ինչպես է քաղաքապետարանն արձագանքում գիշերային հրավառություններին, որն է այս կառույցի դերը հրավառությունների կազմակերպման և կանխարգելման գործում։
«Ռադիոլուրին» փոխանցեցին, որ սովորական բակային հրավառության դեպքում քաղաքապետարանը որևէ գործառույթ չունի, իսկ հատուկ նշանակության հրավառության պարագայում Երևան համայնքը իրականացնում է միայն տուրքի գանձումը, որից հետո տալիս է թույլտվություն: Ինչ վերաբերում է սահմանված ժամերից դուրս հրավառության դեպքերին, վերահսկողությունը բացառապես ՀՀ ոստիկանության տիրույթում է։
Օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող այլ կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամերին՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով:
Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում`1 միլիոն դրամի չափով։




