
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ պատախանատուների հետ, հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչները մարզպետին են ներկայացրել ներդրումային ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ նշելով, որ դրանք մի քանի ուղղություններով են իրականացվելու։
Ինչպես Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, նախատեսվում է հյուրանոցային ծառայությունների իրականացում, ինչպես նաև կիրառական արվեստի մի քանի արտադրամասի գործարկում։ Ըստ ծրագրի, առաջարկվում է վերանորոգել Գյումրու նախկին մանվածքային գործարանի 60 հազար մետր քառակուսի հողատարածքում առկա շինությունները։
Շիրակի մարզպետը ողջունել է ներդրողի նախաձեռնողականությունը և նշել, որ կարևորում է մարզում իրականացվող ցանկացած ծրագիր, որը կնպաստի ինչպես տնտեսական ակտիվությանը, այնպես էլ նոր աշխատատեղեր կստեղծի։




