
Բուհերում ավարտվել է ընդունելության դիմում հայտերի ընդունումը․ հայտագրվել է շուրջ 14 000 դիմորդ, նրանցից 4060-ը դիմել է ԵՊՀ։ Մայր բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը դիմորդների ակտիվությունը պայմանավորվում է այս տարվա բացառիկ հնարավորությամբ՝ ընդունելության 1 քննությամբ։ Չնայած ակտիվությանը՝ մասնագիտություններ կան, որոնք արդեն մի քանի տարի չեն հետաքրքրում դիմորդներին․այդ մասնագիտություններով չեն լրացվում նույնիսկ անվճար տեղերը։ Բացառություն չէ նաև այս տարին։
Բնագիտական մասնագիտությունները շարունակում են նահանջել: Երևանի պետական համալսարանի վերջին տարիների ընդունելության վերլուծությունը ցույց է տալիս, որ պահանջված մասնագիտությունների ցանկում առանձնապես փոփոխություն չկա:
Շարունակում են պահանջված մնալ միջազգային հարաբերությունները, իրավագիտությունը, հանրային կառավարումը, տնտեսագիտությունը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանը նշեց, որ մասնագիտություններ կան, որոնցով նույնիսկ անվճար տեղերը չեն լրացվում։
«Կրոնագիտությունն է, որտեղ 3 տեղի համար 2 դիմում ունենք։ Այնուհետև ֆիզիկան է․ 27 անվճարի համար 25 հոգի է դիմել։ Միջուկային ռեակտորների ֆիզիկ մասնագիտությամբ 8 դիմող ունենք 15 անվճար տեղի համար։Ֆիզմաթ թևը միայն մեր թույլ կողմը չէ։ Ամբողջ հանրապետությունում է այդ վիճակը»,- ասում է Սարգսյանը։

Տարիներ շարունակ բնական գիտություններն անուշադրության են մատնվում, և սա արդեն վտանգավոր է դառնում, նկատում են ոլորտի փորձագետները։ Խնդիրը նաև նախարարության ուշադրությունից չի վրիպել։ Փորձում են քայլեր ձեռնարկել այս մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ, բայց արդյունքները դեռևս գոհացնող չեն։
ԿԳՆ մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ավելացրել են անվճար տեղերը, որպեսզի դիմորդներն ավելի շատ դիմեն այս մասնագիտություններով։
Քայլերից մյուսն էլ նոր փոփոխությունն է, որով աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի։ Կառավարության հաստատած ցանկում գերակշռողը բնագիտական մասնագիտություններն են։ Զրուցակիցս հուսով է, որ այս փոփոխությունները դրական արդյունք կտան։
«Ինչ-որ չափով կմեղմի, բայց բնականաբար վերջնական լուծման համար դեռ քննարկում ենք նոր ուղիներ։ Ամեն տարի նոր ձևաչափներով ու նոր որոշումներով կփորձենք բարձրացնել այս ոլորտի գրավչությունը»,- նշում է Էդգար Ալեքսանյանը։
Բուհական փոփոխություններն ինչ-որ արդյունք կտան, բայց խնդիրը, որը շատ ավելի խորքային է, սրանով չի լուծվի՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Բնագիտական մասնագիտությունների գծով պասիվությունը փորձագետը պայմանավորում է շուկայում այդ մասնագիտությունների պահանջարկված չլինելով:

«Երկրորդ պատճառը՝ մեր դպրոցներում չկան համապատասխան լաբորատորիաներ։ Հնարավոր չէ երեխայի մոտ սեր առաջացնել ֆիզիկայի ու քիմիայի նկատմամբ, եթե միայն գրատախտակ ունեք և կավիճ»,- ասում է փորձագետը։
Պատճառներից Սերոբ Խաչատրյանն առանձնացնում է նաև մանկավարժների պակասը։ Եղած կադրերը վաղուց արդեն կենսաթոշակային տարիքի են, իսկ նորերը կամ չկան, կամ շատ քիչ են։
«Մոտիվացիա չկա. ոչ մի ձևով չի խրախուսվում ընտրել այդ մասնագիտությունները»,- նկատում է Խաչատրյանը։
Կառավարությունն, այո, ինչ-որ քայլեր ձեռնարկում է բուհում բնագիտական մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելու համար, բայց բուհից հետո աշխատել է պետք, իսկ աշխատաշուկայում այս մասնագետներն ինչպես հարկն է չեն վարձատվում։ Եթե այսպես շարունակվի, կրթության փորձագետը չի բացառում, որ մոտ ապագայում ոչ դպրոցներում, ոչ էլ աշխատաշուկայում ֆիզիկայի կամ քիմիայի մասնագետներ այլևս չունենանք։ Ստիպված կլինենք այլ երկրների մասնագետներին հրավիրել, ինչը գուցե շատ ավելի թանկ արժենա պետության համար։




