
Ձայների 74 «կողմ» և 9 «դեմ» հարաբերակցությամբ ԱԺ–ն այսօր հաստատել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Փաստաթղթին «դեմ» է քվեարկել «Լուսավոր Հայաստան»–ը, որի պատգամավորների համոզմամբ՝ բյուջեն թերակատարված է։ Մինչև լիագումար նիստերի օրակարգ մտնելը փաստաթուղթը մանրամասն քննարկվել էր ոլորտային հանձնաժողովներում։
Լիագումար նիստում քննարկումն ավելի «քաղաքական» ընթացք է ունեցել՝ վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված։ ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի ունեցվածքին, առանձնացրել է նաև 2019–ին չկատարված կարևորագույն աշխատանքը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ափսոսում է, որ ԱԺ կանոնակարգն այլևս այն հինը չէ։ Նախորդը հնարավորություն էր տալիս անվստահություն հայտնել կառավարությանը, եթե չէր հաստատվում բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Այդ իրավունքից, սակայն, խոհրդարանը երբեք չի օգտվել։ Այս անգամ էլ «լուսավորականների» 9 «դեմ» ձայնը բավարար չէր լինի նման նպատակի համար։
Էդմոն Մարուքյան․ «Քաղաքական պատասխանատվության հարց կա․ եթե փողը կար, ինչո՞ւ չի ծախսվել, ինչո՞ւ չեն կարողացել աշխատել, ո՞վ չի կարողացել աշխատել, այդ մարդկանց, բնականաբար, պետք է վերանայել։ Ամեն ինչ բարդել, թե նախկինում չգիտեմ ինչ ա եղել, 2 տարի է դա ենք լսում։ Կարո՞ղ է ամեն տարի գաք դա ասեք, չի կարող այդպես լինել։ Զբաղված եք ձեր ընդդիմախոսներով։ Ինձ վրա հարձակվում եք՝ բռնություն, մյուս ֆրակցիայի ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում։ Ձեր վերջին շրջանի արած բաները սրանք են։ Էս ի՞նչ քաղաքական մշակույթ եք բերել»։
Ընդունելով հանդերձ, որ 2019–ին բյուջետային մուտքերը լավն են եղել, իսկ տարին՝ հաջող, բարձրացել են աշխատավարձերը, թոշակները, ավելացել են ծախսերը, իրենց դժգոհությունը ԼՀԿ անդամները հիմնավորում են չկատարված աշխատանքով․ բյուջեում գումար եղել է, բայց ծրագրված աշխատանքը չի կատարվել։
Մանե Թանդիլյան․ «Պետք է ուղիղ ու ազնիվ լինել, գրել այնպիսի ծրագրեր, որոնք ի զորու եք կատարելու»։

Ոչ միայն դահլիճում ներկա ընդդիմախոսներին, այլև դահլիճից բացակայող ԲՀԿ–ին ու նաև արտախորհրդարանական ուժերին ուղղված պատասխան–հիմնավորումները ներկայացրեցին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները։ «Քաղաքական մշակույթի» առումով ԱԺ ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուշադրությունը գրավել են հատկապես այն վերլուծությունները, որոնք սպառնում են Հայաստանի անվտանգությանը։
«Վերջին շրջանում հայտնվել են բայղուշներ և սկսել են բայղուշություններ անել ։ Մասնավորապես, հասանք այն աստիճանի, որ պատերազմող երկրի հակառակորդին նույնիսկ հուշեցին, որ կարող են նաև սկսել հարձակումներ։ Ես ուզում եմ այդ մեր ընկերներին հիշեցել, որ դուք հիմա, ըստ էության, պատերազմ եք հայտարարում մեր սեփական ժողովրդին»,- ասաց Քոչարյանը։
Մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում քաղաքական դաշտում, իշխանության կարծիքով՝ բարեփոխում է, քաղաքական դաշտի բարեփոխում։ Արվող և հետագայում արվելիք քայլերը բյուրեղացնում են բոլորին։ Արդյունքում՝ ապագա ԱԺ–ի պատկերը խորհրդարանի ղեկավարն արդեն հիմա պատկերացնում է․

«ՀՀ–ում քաղաքական ճգնաժամ չկա, որքան էլ որ փորձեն դրա իմիտացիան անել ՀՀ նախագահի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձինք, նրանց հետ փոխկապակցված կամ ընտանիքի անդամները, մեր կառավարության օրոք շանս ստացած տարբեր արկածախնդիրները։ Այլ բան կա. պետք է ձևավորվի նոր քաղաքական միտք, քաղաքական մտքի կրող նոր քաղաքական ուժեր և կորչելու են առհավետ բոլոր այն ուժերը, որոնք պսեվդո քաղաքական էին, որոնց մոտիվացիան փողն էր, կոռուպցիան էր, կաշառակերությունն էր, ֆեոդալական լծակներ պահելն էր։ Շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն կամ ինչ ուժեր կանցնեն այս ճանապարհով։ Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում ընդունում է մի քանի թերացում, որը 2019–ին չի արվել և ընթացքի մեջ է այս պահին։ Ամենաչկատարված ծրագիրը կոռուպցիոն գումարների վերադարձն է համարում, բուն խնդիրը տեսնում է դատաիրավական համակարգում։ Ասում է՝ փաստական առումով հաջողություններ կան, բայց կան նաև իրավական բնույթի խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն։
Նախընտրական շրջանում Փաշինյանը խոստացել էր, որ առաջիկա տարիներին 1.5–2 միլիարդ դոլար հնարավոր կլինի ներդնել ԶՈՒ զարգացման մեջ, իսկ այդ գումարները պետք է գոյանային գողացված գումարներից՝ ասում է։ Հենց այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ–ի ամբիոնից խոսեց Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի ունեցվածքից։

«Օրինակ, փողերի լվացման հոդվածի հետ կապված դատական պրակտիկան փոխվում է ամբողջ աշխարհում, որպեսզի այս ուղղություններով գործերը հնարավորինս առաջ գնան։ Եվ նրանք հիմա ձևը գտել են, ուզում են մեզ ներքաշել մի անիմաստ խոսակցության մեջ։ Մենք ասում ենք, օրինակ՝ «ՁորաՀԷԿ»–ը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք, «Հիլտոն» հյուրանոցը ձերն է, «Օպերա Սյուիթ» հյուրանոցը ձերն է, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից, ըստ էության, զոռով խլել եք։ Իրենք հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը։ Քանի որ հիմա ուզում են հեղափոխություն անել, ուզում են, որ այդ ազատ լրատվամիջոցների ձեռամբ ինձանից կերտեն Սերժ Սարգսյան։ Սա է նրանց ամբողջ նպատակը»,- ասաց Փաշինյանը։
Լիագումար նիստի ընթացքում բյուջեի թվային ցուցանիշեր չներկայացվեցին և մասնագիտական քննարկում չծավալվեց, քաղաքական քննարկումներից հետո փաստաթուղթը խորհրդարանն ընդունեց։




