
72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար:
ՍԱՏՄ խոշորացույցի տակ է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը. 24 ժամով էլ դադարեցվել է Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն կրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն:
Պարետի՝ կորոնավիրուսով պայմանավորված որոշումների շրջանակում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները շարունակվում են։ Նախորդ մի քանի օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ ՍԱՏՄ-ն կասեցվել է սննդի շղթայի՝ շուրջ 200 կազմակերպության գործունեություն:
Խախտումներ են արձանագրվում ստուգվող գրեթե բոլոր ընկերություններում։ Դրանք հիմնականում կապված են ջերմաչափման թերացումների, դիմակները ոչ պատշաճ կրելու, երբեմն նաև՝ մարդկանց կուտակումների, ձեռնոցների ու դիմակների համար նախատեսված փակ աղբամանների բացակայության հետ: Գծանշումներ կան, բայց քաղաքացիները շարունակում են շատ մոտ կանգնել միմյանց։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը, իհարկե, տալիս է դրական արդյունք, և դա նկատելի է հատկապես կրկնայցերի ժամանակ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

«Դրական տեղաշարժ միանշանակ ունենք, բայց դա դեռևս բավարար չէ։ Վերահսկողություն ենք իրականացնում բոլոր մարզերում։ Դիմակներ կրելու և հիգիենայի նվազագույն կանոններին հետևելու առումով Երևանը մարզերից առաջ է»,- ասաց Դանիելյանը։
Ուսումնասիրությունների ընթացքում քիչ չեն նաև զավեշտալի իրավիճակները։
«Զավեշտալի դեպքեր մշտապես են լինում։ Մադկանց հարցնում ես՝ սանիտարական գրքույկ ունե՞ք, պարզվում է՝ ընդհանրապես տեղեկացված չեն դրա մասին։ Մյուսն ասում է՝ ջերմաչափ չունեմ, սնդիկով է ջերմաչափում հաճախորդներին։ Մեկ ուրիշն էլ պատճառաբանում է, թե իրենց ջերմաչափը փչացել է, հենց նոր ուղարկեցին վերանորոգելու»,- նշեց սննդամթերքի անվտանգության վարչության պետը։
Տնտեսվարողներ կան, որ փակելուց հետո էլ շարունակում են աշխատել։ Բայց այս դեպքում արդեն գործի է անցնում ոստիկանությունը։ Ի դեպ՝ արտակարգ դրություն հայտարարելու օրվանից լայնածավալ միջոցառումներ է իրականացնում նաև ոստիկանությունը՝ թե բացատրական աշխատանքներ, թե ամենօրյա հսկողություն։
Թե ինչքանով են մեր քաղաքացիները պահպանում անվտանգության կանոնները, հետաքրքրվեցի Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման տեսուչ Լևոն Ղազարյանից։
«Դիմակները պարտադիր կրելու պահանջից հետո քաղաքացիները հիմնականում պահպանում են այդ կանոնները։ Սակայն քիչ չեն նաև կարգազանցները։ Կան նույնիսկ չարամտորեն պահանջներ չկատարող քաղաքացիներ, սակայն ոստիկանությունը նշված անձանց վրա ներազդելու գործիքակազմն ունի և անհրաժեշտության դեպքում կիրառում է դրանք»,- ասաց Լևոն Ղազարյանը։

Զրուցակցիս կարծիքով՝ քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացել է, և պատճառներից ամենագլխավորը, թերևս, վարակվածների թվի աճն է։ Դիմակներ, այո, կրում են, բայց հաճախ ոչ ինչպես հարկն է, նշեց ոստիկանության ներկայացուցիչը։
«Քաղաքացիները կարծում են, որ միայն դիմակի առկայությունը՝ պարանոցից կախված կամ գրպանում դրած, արդեն խախտում չի։ Նման դրսևորումները պետք է իսպառ վերացվեն»,- նշեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման տեսուչը։
Նույն պատկերն է նաև ավտոմեքենաներով երթևեկող քաղաքացիների դեպքում։ Իսկ ո՞րն է անհրաժեշտությունը դիմակ կրելու, երբ մեքենայում բոլոր ուղևորները նույն ընտանիքի անդամներ են և այսպես թե այնպես՝ ամբողջ օրը միասին են տանը։ Հարցիս ի պատասխան Լևոն Ղազարյանը նշեց, որ վերահսկողությունն ավելի արդյունավետ է, երբ անխտիր բոլորն են կրում դիմակներ՝ անկախ հանգամանքից՝ ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ ոչ։




