Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի էլ կարող դառնալ հայտարարությանը: Մարտիրոսյանը դա ազնիվ մոտեցում է համարել, սակայն նշել, որ պետք էր այդ մասին հայտարարել ավելի վաղ: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողը ԲՀԿ-ին ձայն է տվել որպես ընդդիմություն, մինչդեռ այս ուժը այդ դաշտում չէ, նկատել է Մարտիրոսյանը` էլեկտորատին ապակողմնորոշելու հարցում մեղադրելով ՀԱԿ-ին:
Անցած երկու տարում ՀԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց ԲՀԿ-ից ընդդիմադիր կուսակցություն «ստանալ», իսկ անընդհատ շեշտելով այդ ուժի ընդդիմադիր լինելը, ՀԱԿ-ը, փաստորեն, անցած ընտրություններում ապակողմնորոշեց էլեկտորատին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ ու «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: ՀԱԿ-ը չպետք է նման բան աներ, թեև հնարավոր է եղել են շահեր,- ասաց Ժառանգության փոխանագահը: Թե ինչ շահերի մասին է խոսքը, Մարտիրոսյանը չգիտի: Բայց ակնհայտորեն ինչ-որ պատճառ պետք է լիներ դրա համար, հավելեց: Ինչևէ, արդյունքում ունեցանք այն իրավիճակը, երբ հերթական անգամ ընտրողը քաղաքական ուժին ձայն տվեց որպես ընդդիմություն այն դեպքում, երբ նա ընդդիմության դաշտում չէ: ԲՀԿ նախագահն էլ անձամբ օրերս ընդգծեց, որ իր ղեկավարած ուժը ոչ միայն ընդդիմություն չէ, այլև չի էլ կարող դառնալ:
«Քաղաքական դաշտն բյուրեղացավ նախագահական ընտրությունների ժամանակ` հենց այդ ընտրությունները ցույց տվեցին, թե ով է ընդդիմությունը, ով է իրականում պայքարում իշխանության դեմ, ով է պորտալարով իշխանության հետ կապված»:
Ընդդիմադիր դաշտի ոչ ճիշտ գործունեության կուլմինացիան եղավ այն, որ ավագանու ընտրություններում հասարակությունը պատժեց ընդդիմությանը: Միաժամանակ Մարտիրոսյանը նկատեց, որ «Բարև Երևան»-ը միակ քաղաքական ուժն էր, որն ընտրական օրենսգրքի շրջանակներում սուղ ֆինանասական միջոցներով ընտրությունների պահանջված նվազագույն շեմը հաղթահարեց առանց ընտրակեղծիքների ու կաշառքների: Երևանի ավագանու ընտրությունները 10 քայլ հետ գնահատեց, ավելի վատը նախագահականն ու խորհրդարանական ընտրություններից, բայց այդքանով հանդերձ տրամադրված է արդյունավետ աշխատանքի: Վստահ է, որ իրենք ավագանիում փոքրաթիվ թիմով աշխատելու են արդյունավետ ու իրականացնելու են վերահսկողի գործառույթ:
Դրանով մեզ վրա ծանր պարտականություն է դրվում, բայց փորձելու ենք իրականացնել, հավելեց Ժառանգության փոխանախագհ ու Բարև Երևան դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը: