ԿարևորՀասարակություն

Երևանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ

Երևանում ներդրվում է սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Երևանի ավագանու նիստում առաջին փուլով ներկայացվել է կառուցվածքային փոփոխությունը: Սոցիալական ապահովության վարչության ու Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի փոխարեն Երեխայի և սոցիալական պաշտպանության վարչություն կձևավորվի, որն էլ վարչական շրջանների նորաստեղծ՝ երեխայի, սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժինների հետ համատեղ ոլորտային ծրագրեր կիրականացնի մայրաքաղաքում:

Նախաձեռնության նպատակը Երևանում երեխաների և սոցիալական պաշտպանության ոլորտներում համակարգի բարեփոխումներին աջակցելն է:

Նոր համակարգով առաջարկվում են գործուն մեխանիզմներ՝ ուղղված քաղաքային կառավարման կառուցվածքային փոփոխություններին, տեղական մակարդակում նշված համակարգի արդյունավետ բարելավմանը, բազմակողմանի համագործակցությանը, ինչպես նաև՝ համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանը:

Ավագանու մեկ այլ որոշմամբ կթեթևացվեն Երևանում բնակվող խոցելի ընտանիքների առջև ծառացած սոցիալական խնդիրները։ Համավարակի բացասական սոցիալ-տնտեսական հետևանքները հաշվի առնելով` ՀՀ-ում բնակվող միակողմանի ծնողազուրկ երեխաները, ներքին տեղահանված անձինք, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց երեխաները և ՀՀ-ում ապաստան հայցող անձանց երեխաները Երևանի ենթակայության մանկապարտեզներից կօգտվեն անվճար, իսկ արտադպրոցական հաստատություններում, երաժշտական և արվեստի դպրոցներում՝ զեղչով։

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի քաղաքապետին կից հասարակական  կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման  և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու որոշման նախագծին: Խորհրդի գործունեության նպատակն է մայրաքաղաքի սոցիալապես խոցելի անդամների աջակցությունը, ուսանողների ուսման մասնակի վճարումը: Քաղաքապետին կից խորհուրդը կաշխատի նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում, ինչպես նաև Արցախի ՊԲ-ում ծառայության իրականացման ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացածների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button