ԿարևորՀասարակություն

ՍԴ-ն պատրաստվում է պայքարի

ՍԴ այն դատավորները, որոնց վրա հնարավոր է տարածվեն խորհրդարանի կողմից  երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունները, չեն պատրաստվում հենց այնպես հրաժեշտ տալ դատարանին։ Այդ մասին վկայում են նրանց՝  լրագրողների հարցերին ի պատասխան տված մեկնաբանությունները։

Իրավական քննարկումներին զուգահեռ շարունակվում են քաղաքական զարգացումները։ ԲՀԿ–ն այսօր կրկին ստիպված է եղել դիմել «Լուսավոր Հայաստան»–ի իր գործընկերներին՝ ակնկալելով նրանց աջակցությունը ՍԴ դիմելու հարցում։ Նախաձեռնությունն իրականացնելու համար ԲՀԿ-ն  խմբակցությանն ընդամենը 2 ձայն է պակասում։

Ավելի վաղ նշանակված քննարկումները, նիստերը և օրվա ծրագրված աշխատանքը սովորականի պես Հրայր Թովմասյանին այսօր կեսօրին մոտ ՍԴ գնալու հիմք են տվել։ Թե ինչ պետք է փոխվեր երեկվանից հետո,  նա չի հասկանում:

«Ինչ նախագիծ, ինչի մասին է խոսքը։ Ես որևէ նման նախագիծ չեմ տեսել, ձեզ էլ չեմ հավատում»,- ասաց Թովմասյանը։ 

Թովմասյանն առաջնորդվում է նրանով, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորներին հրաժեշտ տալու և ՍԴ նախագահին փոխելու նախագիծը չի ուղարկվել ՍԴ՝ փաստաթղթի սահմանադրականությունը որոշելու համար։ Նախագծի երկու ընթերցումն էլ խորհրդարանն ընդունել է առանց այդ ընթացակարգի։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն արդեն բացատրել է՝ շահերի ակնհայտ բախման պատճառով է, որ չեն դիմել կառույցին։

Հրայր Թովմասյանը զարմանում է, թե ինչու պետք է տար բացասական եզրակացություն իր հետագա պաշտոնավարմանը վերաբերող նախագծին։ 

 «Ո՞վ ասաց չէի կարող։ Դուք ինչո՞ւ իմ փոխարեն արդեն որոշեցիք, որ եթե ձեզ է վերաբերվում՝ չեք անելու։ Կանխավարկածը ձեզ ո՞վ է տվել, որ ՍԴ–ն կարող է կողմնակալ լինել։ Այդ դեպքում, ասում են, գիտեք ինչ, որոշել ենք ՍԴ բոլոր անդամներին գնդակահարել , բայց , գիտեք, որ ուղարկենք ՍԴ՝ կողմնակալ կարող է լինեն։ Եկեք չուղարկենք ՍԴ։ Այսինքն՝ դուք մոտավորապես դա եք ասում», — նշեց Թովմասյանը։

ՍԴ դատավորները չեն մեկնաբանում ԱԺ երեկվա քայլերը և խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունները՝ չբացառելով, որ փաստաթուղթը փորձաքննության համար միգուցե ինչ-որ կերպ դեռ կհասնի ՍԴ, իսկ այդ դեպքում նրանք պետք է չեզոքություն պահպանեն։ Դա, սակայն, չի խանգարում Հրայր Թովմասյանին հայտարարել, որ որպես իրավաբան ամոթի զգացողություն ունի խորհրդարանի երեկվա քայլերի համար։

Ինչպե՞ս փաստաթուղթը կարող է հայտնվել Սահմանադրական դատարանում և վիճարկվել։ Սա այսօրվա հարցերի հարցն է խորհրդարանական ընդդիմության համար։ Մեծամասնության կողմից ընդունված փաստաթուղթը ՍԴ–ում վիճարկելու մտադրության  մասին երեկ երեկոյան հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»–ը։ Խմբակցությունը, սակայն, միայնակ դա անել չի կարող։ Խմբակցության 25 պատգամավորի ստորագրությունը բավարար չէ ՍԴ դիմելու  համար։ Անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն՝  նվազագույն շեմն ապահովելու համար։

Ահա այստեղ է, որ ԲՀԿ–ն այսօր կրկին դիմել է «Լուսավոր Հայաստան»–ին։ «Լուսավորականներին» նորից համոզելու հարց է առաջացել Էդմոն Մարուքյանի հերթական ֆեյսբուքյան գրառումից հետո։ «Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով»,– գրել է Մարուքյանը՝ վկայակոչելով Մայր օրենքի 168–րդ հոդվածը։ ԲՀԿ–ն Էդմոն Մարուքյանին է ուղարկել ստորագրահավաքի ձևաթուղթը՝ խմբակցության  բոլոր պատգամավորների  ստորագրություններով՝ կցելով դրան նաև  իրավաբանական թիմի հիմնավորումները։

Սահմանադրության մեջ առկա իրավական վեճը հասկանալու գործում Հրայր Թովմասյանը խորհուրդներ չի տալիս․

«Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ Աժ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որ հիմա իրենց խորհուրդ տամ կամ ասեմ ոնց են դիմում, ինչ են դիմում կամ ոնց հասկանալ, կամ կարդալուց ոնց ընկալել»։

Դեռ 1997 թվականից Ֆելիքս Թոխյանը Սահմանադրական Դատարանում է։ Նա այն դատավորներից է, ում վրա կտարածվի երեկ ընդունված փոփոխությունը՝ 12 տարուց ավելի պաշտոնավարման և թոշակի գնալու մասով։

ՍԴ դատավորն  այսօր դժգոհեց Հրայր Թովմասյանի համահեղինակած Սահմանադրությունից, բայց և պայքարելու մտադրություն հայտնեց․

«Ժողովուրդ ջան, ես կարող եմ ասել, որ մեր շատ–շատ թերությունները գալիս է նաև այս Սահմանադրությունից։ Ցավով եմ ասում։ Ես դեմ եմ եղել, 2015–ին նույնիսկ եկա արտերկրից, երբ իմացա ինչ ենք դրել և դեմ դուրս եկա Սահմանադրության մի քանի կետերի։ Կներեք, մի քիչ վրդովված եմորևէ մեկը կասկա՞ծ ունի, որ բոլոր իրավական միջոցներով մենք պայքարելու ենք։ Ես չգիտեմ, կյանքումս այս վիճակում չեմ հայտնվել, որ իմ իշխանության, պետության դեմ պետք է պայքարեմ։ Այսինքն՝ իրավական ձևով պետք է ապացուցեմ, որ դու ճիշտ չես։ Բայց ես կարծում եմ որոշակի խելամիտ բաներ դեռ կգտնվեն։ Թյուր է այն կարծիքը, թե այստեղ ինչ–որ թշնամիներ են նստած ու ինչ-որ մի դավադրություն են ուզում անեն։ Չկա տենց բան, ուղղակի չկա, հերյուրանք է»,- ասաց Թոխյանը։

Մարտի 1–ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից փաստաբան Հայկ Ալումյանը ՍԴ շուրջ զարգացումները այսօր կապել է Քոչարյանի գործի հետ։ Փաստաբանները դիմել էին ՍԴ վիճարկելու իրենց պաշտպանյալին մեղսագրվող 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Գործի քննությունը կասեցվել  էր․ կառույցը սպասում էր Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքին։ Այն արդեն ստացվել է, և այն պահին, երբ խորհրդարանը երեկ քննարկում էր ՍԴ–ին առնչվող նախագիծը, ՍԴ–ում որոշել են, որ  Քոչարյանի գործով նիստը  տեղի կունենա հուլիսի 7–ին։ Կարծիք կա, որ եթե ՍԴ–ն 300.1 հոդվածը  ճանաչի հակասահմանադրական, ապա  Քոչարյանի գործը պետք է կարճվի։

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, ում անունը նույնպես շրջանառվում է  կառույցին հրաժեշտ տվողների ցանկում, նշում է, որ Քոչարյանի գործով որևէ հրատապություն չի եղել։ Ստացել են Վենետիկի հանձնաժողովի պատասխանները և այլընտրանք չունեն՝ գործը պետք է վերսկսեն։  Ալվինա Գյուլումյանն, ի դեպ,  կարծում է, որ իրեն փոփոխությունը  չի վերաբերում  և ինքը չի հեռանալու ՍԴ–ից։ Գյուլումյանը ընդհատումներով է եղել ՍԴ անդամ, վերջին անգամ նշանակվել է 2014–ին։ Պնդում է, որ պետք է գործի անընդհատ պաշտոնավարման սկզբունքը։ Անգամ եթե պատգամավորները չդիմեն օրենքը վիճարկելու, կա նաև այլ ուղի, որով պատրաստվում է գնալ Գյուլումյանը։

 «Վարչական դատավարության կարգով կսպառենք ներպետական միջոցները և կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասնելու և հաղթելու։ Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը նույնպես, կարծում եմ, չեն լռի, բայց դա իրենց որոշելիքն է»,- նշեց Գյուլումյանը։

Այս ամենին ի պատասխան Արդարադատության նախարարությունից նշում են՝ «էմոցիոնալ հայտարարություններ չենք մեկնաբանում: Ուժի մեջ մտնելու պահից բոլորը պարտավոր կլինեն ենթարկվել Սահմանադրությանը»:

Երեկ ընդունված փաստաթուղթը դեռ ուժի մեջ չի մտել։ Դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Երեկ ընդունվել է նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որով պարտադիր չէ, որ սահմանադրական փոփոխությունները ստորագրվեն  հանրապետության նախագահի կողմից։ Նա, սակայն, պետք է ստորագրի փոփոխված «Աժ կանոնակարգ- օրենքը», ինչից հետո միայն ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ դատավորների լիազորությունները կդադարեն: Հանրապետության նախագահն օրենքով սահմանված 21-օրյա ժամկետ ունի օրենքները ստորագրելու համար։

Կարդացեք նաև

Back to top button