ԿարևորՀասարակություն

Դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ․ դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության դատարանի որոշմանը։

«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, և բազմաթիվ հարցեր եմ ստանում լրագրողներից, ուզում եմ տեղեկացնել, որ ստացել ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և ուսումնասիրել։

Ըստ այդմ՝ նախ՝ ուզում եմ նշել, որ միջնորդության մերժումը պայմանավորված չէ հիմնավոր կասկածի հետ, այսինքն դատարանը համարել է, որ հիմնավոր կասկածն առկա է, այլ վերաբերում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերին, մասնավորապես՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հիմքին։

Դատախազության գնահատմամբ դատարանն անտեսել է և պատշաճ չի գնահատել խափանման միջոց կալանքի ընտրության հիմքերին վերաբերող՝ միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, այն ռիսկերը, որոնք պայմանավորված են եղել ազատության մեջ գտնվելու դեպքում նախաքննության ընթացքում նրա փաստացի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներում, նրանից ֆինանսական և անձնական այլ կախվածություն ունեցող անձանցից վերաբերելի փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտության, ենթադրյալ հանցագործության կատարմանը ներգրավված աձանց հնարավոր բազմաթիվության, ենթադրյալ հանցագործությունների լայն աշխարհագրության պայմաններում իր կապերի և ֆինանսական ռեսուրսների, հանցագործության կատարմանը ենթադրաբար ներգրավված անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը գործադրելու, նրանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու միջոցով քննության ընթացքին խոչընդոտելու դատարանին ներկայացված իրական ռիսկերը:

Հետևաբար, քանի որ դատարանի կողմից կայացվել է անհիմն և ապօրինի դատական ակտ, ՀՀ դատախազությունն այն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է Աբրահամյանը։

Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժեց։ Այս մասին հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Որոշումն այսօր ժամը 16․00-ին հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:

Ծառուկյանը պնդում է, որ քրեական գործը շինծու է, հորինված է քաղաքական պատվերով՝ հունիսի 5-ի իր հայտարարությունների պատճառով, երբ պնդել էր, որ Կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:

Կարդացեք նաև

Back to top button