
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ժամը 16․00-ին կհրապարակվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը։
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:
Ծառուկյանը պնդում է, որ քրեական գործը շինծու է, հորինված է քաղաքական պատվերով՝ հունիսի 5-ի իր հայտարարությունների պատճառով, երբ պնդել էր, որ Կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:




