ԿարևորՀասարակություն

Գազի սակագինը վերանայվեց․ «Գազպրոմ Արմենիան» վերապահումներ ունի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր  քննարկել   է  «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը և հաստատել գազի նոր սակագներ։ Հանձնաժողովի որոշմամբ ՝ բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող  գազի սակագինը չի փոխվում, բարձրանում է տնտեսվարողների համար։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը առաջարկել էր 1000 խմ գազի միջին սակագին սահմանել 283 դոլարը,  ՀԾԿՀ-ն իր հաշվարկներն է արել և առաջարկել 266․7 դոլար՝ գործող 255 դոլար միջին սակագնի փոխարեն։ «Գազպրոմ Արմենիա»-ն հանձնաժողովի առաջարկն  ընդունելի էր համարել, բայց  ոչ բավարար:

Որոշմամբ նոր սակագները գործելու են  2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ որոշ դեպքերի:

Հայաստանում գազի սակագները վերջին անգամ վերանայվել են  2016 թվականին։ «Գազպրոմ Արմենիան» նաև այս հանգամանքով է բացատրում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների վերանայման հայտ ներկայացնելը։

 «2016 թվականից մինչ այժմ գործող սակագնի պայմաններում ՀՀ սահմանին  1000 խորանարդ մետր գազը գնում ենք  165 դոլարով,  վաճառում ենք միջինում  255 դոլարով։  Գազաբաշխման ու գազափոխադրման համակարգերը բացառապես նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համաձայն շահագործելով՝ մինչև 2030 թվականը շուրջ  230 մլրդ դրամի  ներդրում կատարելու համար հաշվարկել ենք  60․8 մլրդ դրամի մարժա»,- նշում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ, գլխավոր  տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Ներկայացված մարժան հանձնաժողովը մոտ 22 տոկոսով նվազեցրել  է՝ հիմնականում ընկերության  ընթացիկ նորոգման, աշխատակիցների ու աշխատավարձերի ֆոնդի կրճատման հաշվին։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր նաև բոլոր սպառողների համար կիրառել միասնական սակագին՝ առանց խմբերի ու տարբերակման, հանձնաժողովը  նպատակահարմար է համարել  պահպանել սպառողական խմբերի տարբերակումը։  Արդյունքում՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող  ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից  մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝  պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանվել է 224 դոլարին համարժեք դրամ:

Մյուս սպառողների, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի սակագինը  139 հազար դրամ է՝ 1000 խմ-ի համար: Ամսական 10 հազար խմ-ը գերազանցող  գազի համար  էլ սահմանվել է յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացնում է, թե ինչ է բնակիչներին։

 «Բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,- ասում է Ուլիխանյանը։ 

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն  ունի  ավելի  700 հազար  սպառող։  Ընկերությունը հանձնաժողովի առաջարկներին մասամբ է համաձայն, որոշներով անհամաձայնություններ ունի, ավելին՝ հիմնավորում-հաշվարկներ է խնդրում։

Ընկերության վարչության նախագահ, գլխավոր  տնօրեն Հրանտ Թադևոսյան․ «Հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան գրությամբ մեզ պետք է ներկայացվեն  նվազեցման հիմնավորումները, կրճատվող շուրջ  աշխատողների հաստիքացուցակն ու  մոտ 50 տոկոս կրճատված նյութերի ու հումքի  անվանացանկը,  որպեսզի կարողանանք լիցենզիայով սահմանված հարցերը քննարկել»։

« «Գազպրոմ Արմենիա»- ն պետք է   հաշվետվություն  ներկայացնի Հայաստանի կառավարությանը և սպառողներին,  թե ինչից է բաղկացած գազի սակագինը»,- ասում է «Այլընտրանք»  հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնում է՝ հաշվարկները հիմնականում բանավոր են,  ամբողջական հաշվետվություններ չկան։ Ըստ Մանասերյանի՝  ընկերությունը ժամանակին գերշահույթ էր ստանում։ Այսօր գազիֆիկացման ծրագիր չկա, ուստի ծախսային մասը պետք է իջներ։ 

«Կարծում եմ, որ գործընկերային հարաբերությունները  չեն  կարող հավակնել ավելի ցածր սակագին ակնկալելու, ուստի՝ այն ինչ այսօր ունենք, թերևս լավագույն արդյունքն է։  Սակայն, լավագույն արդյունքը  ռուսական գազային դիվանագիտության արդյունքից, ոչ Հայաստանի տնտեսության շահերից։ Սա,   իհարկե, մտահոգվելու առիթ պետք է տա։ Մենք կրկնակի  ենք վճարում գազի դիմաց, քան սահմանին գազի գինն է։  Քաղաքակիրթ երկրներում ընկերությունները  գրավոր հաշվետվություն են ներկայացվում սպառողներին»։      

Գազը Հայաստանի տնտեսության համար առանցքային նշանակություն ունի և  տնտեսության առանձին ճյուղերի  մրցունակության տեսանկյունից շատ կարևոր է։ Գազի գինն ինքնարժեքում բավականին բարձր է՝ ասում է տնտեսագետը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը այսօր ընդգծեց, որ եթե  Հայաստանն այլընտրանքային՝  ավելի  մատչելի գնով գազ ստանալու առաջարկ ունենա, կարող է օգտվել  դրանից։

«Եթե երկիրն առավել նպաստավոր առաջարկներ կունենա, ապա կարող է դրանից  օգտվել, իսկ Գազպրոմ Արմենիա ընկերությունը ծառայություն կմատուցի այդ գազը փոխադրելում սպառողին հասցնելու համար», ասաց Բաղրամյանը։   

Փոփոխված սակագներն ուժի մեջ կմտնեն  2020-ի հուլիսի 19-ից՝ բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք կգործեն  2020 թվականի օգոստոսի 1-ից:

Կարդացեք նաև

Back to top button