
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայրում են գտնվում 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։ Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19։19-ին։
Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։
Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:




