ԿարևորՀասարակություն

Տեղեկատվության և ապատեղեկատվության սահմանը․ ԱԺ–ում քննարկել են մեդիադաշտը կարգավորող նոր օրինագիծը

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող նոր նախագիծը, որը քննարկվել է Ազգային ժողովի այսօրվա նիստում, փորձ է արվել ներկայացնել միջպետական սենսացիայի և հայ–ռուսական հարաբերությունների համատեքստում։ Նման գործողությունները խորհրդարանում որակվել են դավաճանական և ազգային անվտանգությունը վտանգող։

Իրականում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի նախագիծը գալիս է փոխարինելու հնին և կարգավորելու այն հարցերը, որոնք  խնդրահարույց են հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում։     

Եթե մինչև այսօր ապատեղեկատվությունը պարզապես հիբրիդային պատերազմի մաս էր, ապա վերջին օրերին այն նաև մարդու կյանք արժեցավ։ Խոսքի ազատության և ամենաթողության սահմանը փորձում են գտնել ԱԺ–ում։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» հին օրենքը փոխվում է, բերվել  է նորը՝ «Տեսալսողական մեդիայի մասին»։ Ըստ էության՝ նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնությանն է։

Գևորգ Պապոյան . «Մարդու տեղեկացված լինելու իրավունքի և բութ քարոզչության միջև կապ։ Արդյո՞ք այստեղ կա սահման, թե՞ ոչ։ Եթե կա՝ որտե՞ղ է այն։ Ցավոք, մարդու՝ տեղեկացված լինելու իրավունքը և սուտը ճշտից տարբերակելու իրավունքը երբեմն անգամ մարդու կյանք են արժենում։ Օրինակը՝ երեկ տեղի ունեցած դեպքն է, երբ ապատեղեկատվության պատճառով քաղաքացին հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և ի վերջո մահացել է։ Պետությունը պետք է պաշտպանի իր քաղաքացուն ստից և կեղծիքից, թե՞ համարենք, որ խոսքի ազատություն է և ամեն ինչ կարելի է»։

Վահագն Թևոսյան . «Շատ և անհասկանալի ալիքներ ունենալու փոխարեն մենք ունենալու ենք քիչ, բայց լավ ալիքներ։ Գուցե, կարող է նաև չքչանա էլ։ Պետք է փորձենք մի մոդել ներմուծել, որպեսզի խոսքի ազատությունը մազ անգամ չվտանգվի, բայց նաև խոսքի ամենաթողությունը առնվազն հանրային մուլտիպլեքսում հնարավոր լինի սանձել, որովհետև չի կարելի, որ հանրային ինչ–որ մուլտիպլեքսով հնչի, որ COVID–ը սուտ է, դիմակ մի կրեք և այլն»։  

Նոր օրենքը ոչ կորոնավիրուսով է պայմանավորված, ոչ էլ նպատակ ունի ալիքներ փակելու։ Ընդամենը անպատասխանատվության օրինակներ էին, որոնք բերվում էին նախագծի քննարկման ժամանակ։ Իրականում՝ հեռուստաընկերությունների և ռադիոների համար փոխվում են «խաղի կանոնները», բոլոր կառույցները բերվում են կարգավորման դաշտ, տեղի է ունենում հարաբերությունների հստակեցում՝ տեխնիկականից մինչև բովանդակային, ասում են նախագծի հեղինակները, որոնք նախագծի վրա աշխատել են երկար ժամանակ։  Նրանք զարմացել և անգամ զայրացել են, երբ պարզել են՝ նախաձեռնությամբ իրենք էլ են հայտնվել հակաքարոզչության կենտրոնում․ օրենքի նախագծին փորձ է արվում հաղորդել քաղաքական երանգ, այն էլ՝ միջազգային։ Նախագծի համահեղինակներ Մխիթար Հայրապետյան և Վահագն Թևոսյան․  

Մխիթար Հայրապետյան . «Ինձ մի լրատվականի նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ․ «ԱԺ–ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։ Անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց այս հակապետական, խայտառակ, դավաճանական վարքագիծը փոխելու համար»։  

Վահագն Թևոսյան . «Ես չգիտեմ, ոնց է հնարավոր այս ամբողջ խոսակցությունից այդպիսի բան հանել։ Ամեն դեպքում լավ կլինի, որ անվտանգության ծառայությունները իրոք զբաղվեն, որովհետև սա արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում»։

Անկախ պատգամավոր, նախագծի համահեղինակ Արման Բաբաջանյանը մեկ այլ օրինակով է փորձում ապացուցել, բոլոր հնարավորություններն օգտագործվում են միջազգային նույն ուղղությամբ «խաղաքարտերը» խառնելու համար։

«Վերջին օրերին Հայաստանում կատարվող գործընթացները բացահայտում են չափազանց ցավալի ու վտանգավոր մի իրողություն՝ հանուն նպատակների միջոցների միջև խտրություն չդնելու ցավագին իրողություն։ Դա վկայություն է այն իրողության, ինչը այսօր մենք տեսնում ենք օտարերկրյա հեռուստաընկերությունների, առավելապես՝ ռուսական եթերում։ ԱԺ ընդդիմադիր մեր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից ուղղակի լուտանքներ են թափում Հայաստանի, Հայաստանի պետականության հասցեին։ Այս ամենը տեղավորվում է պարզագույ ն «դրսից տղա բերելու» էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ»,- ասաց Բաբաջանյանը։

Իրականում նախագծից սենսացիա չի ստացվել, քանի որ հայկական կողմը այս հարցով արդյունավետ բանակցել է ռուս գործընկերների հետ։ Փակագծերը բացում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը․

 «Որոշ մեր գործընկերներ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, Հայաստանին և մեր գործընկեր պետություններին վերաբերող հարցերը քաղաքականացնել։ Մեր ռուս գործընկերների հետ մենք շատ պրոդուկտիվ  քննարկումներ ենք ունեցել և այս հարցը ընդհանրապես քաղաքական կոնտեքստ չունի։ Պետք է լինի միջպետական համաձայնագիր, որևէ պետության, որևէ հեռուստաընկերության վերահեռարձակումը միջպետական համաձայնագրի շրջանակներում կենթադրի նաև հնարավորություն հայկական հեռուստաընկերությունների վերահեռարձակում այդ պետությունների տարածքներում»,- նշեց նախարարը։

Հեռուստառադիոդաշտի կարգավորումը նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների «սրտով» է։ Գևորգ Գորգիսյանն ու Անի Սամսոնյանը անգամ որոշ կոշտացումների կողմնակից են․

Գևորգ Գորգիսյան «Հիմա եթե մեզանից որևէ մեկի մասին բացահայտ ապատեղեկատվություն է տարածվել, մենք կարող ենք դիմել դատարան, առաջին հերթին պետք է ապացուցենք, որ մենք դրանից վիրավորվել ենք, հետո պետք է ապացուցենք, որ ճիշտ ենք, հետո կարող ենք մինչև 2 միլիոն դրամի պատասխանատվության կանչել։ Այսինքն՝ ցանկացած օլիգարխ կարող է բացել իր լրատվական կայքը կամ նույն հեռուստատեսության հետևում կանգնած գումարներով՝ ով պատրաստ է ամիսը 2 միլիոնով մեզանից յուրաքանչյուրի մասին հերյուրանք տարածել, գնալ դատարան, այնտեղ էլ գործերը մի քանի ամիս ձգվեն և ամեն օր սուտ լուր տարածել։ Եվ մենք չունենք պատշաճ մեխանիզմ՝ հենց պատժիչ մեխանիզմի մասին եմ ես խոսում, բնավ գրաքննության մասին չէ»։

Անի Սամսոնյան «Այս օրենքը համարել ամբողջությամբ ժամանակակից օրենք չենք կարող, որովհետև այստեղ չկա էլեկտրոնային մեդիան»։  

Ամեն դեպքում նախագծի հեղինակների համար խոսքի ազատությանը չվնասելը առաջնային է։ Նախագիծն, ըստ ամենայնի, օրենք կդառնա մինչև հուլիսի 20–ը։  Այդ օրը հեռուստաընկերությունների համար պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները:

Կարդացեք նաև

Back to top button