
Կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ ծրագիրը։ Երկրորդ անգամ աջակցություն կստանան համավարակի պատճառով ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցները։ Ոլորտներում ներառվել են նաև խաղային գործունությամբ զբաղվողները։ Աջակցությունը միանվագ է, պարտադիր է շահառուի տվյալների հրապարակումը։
Տուրիզմի ոլորտն աշխարհում ու նաև Հայաստանում փլուզված է, անորոշության մեջ։ Արտակարգ դրության այս օրերին Հայաստանի տուրիստական կազմակերպություններն այսպես են բնորոշում իրենց վիճակը՝ փլուզված ու ջարդված։ Պայքարում ենք, չգիտենք ում դեմ՝ ասում է Շաքեն, որն աշխատում է տուրիզմի ոլորտում։ Վերջին շաբաթներին հատուկենտ ներքին տուրեր են կազմակերպում՝ հետևելով պարետի բոլոր որոշումներին՝ հաճախորդների ջերմաչափումից մինչև տուրերի ժամանակ սոցիալական հեռավորության պահպանում։ Սակայն դա էլ չի օգնում։
«Վախենում են մարդիկ։ Մեր մշտական հաճախորդներն են, զանգում են, ասում են, որ շատ են ուզում ինչ–որ տեղ գնալ, բայց վախենում են վարակվելուց ։ Պայքարում ենք, հայտնվել ենք պատերազմում, բայց չգիտենք, թե ում դեմք ենք պայքարում»,- պատմում է Շաքեն։
Թե այսպես որքան կաշխատեն, զրուցակիցս չգիտի, գիտի, որ երկար չեն կարող։
«Չգիտենք, թե որոնք են լինելու մեր հետագա քայլերը։ Եթե այսպես շարունակվի, բնական է, գործատուներն էլ կսկսեն կրճատումներ անել, քանի որ մարդիկ իրոք չեն հասցնում վարձերը վճարել, աշխատավարձ տալ, քանի որ կանոնավոր տուրեր չունեն»,- նշում է Շքեն։

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտների աշխատակիցները արդեն երկրորդ անգամ կառավարությունից մինավագ աջակցություն կստանան՝ նվազագույն աշխատավարձի չափով։ Ծրագրում ներառվել են հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի զբոսաշրջային ծառայություններ մատուցողները, մասնավոր մանկապարտեզների աշխատալիցները, սպորտի բնագավառում գործունեություն ծավալողները՝ սպորտային ակումբների, լողավազանների աշխատակիցները, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությամբ զբաղվողները։ Ավելացել է խաղատների գործունեության ոլորտը, փոխարենը ծրագրում չեն ներառվել թեթև արդյունաբերությամբ զբաղվողներն ու հագուստի խանութների աշխատակիցները։
Աջակցությունը նշանակում և վճարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը ՝ շահառուի կողմից dimum.ssa.am կայքէջին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։ Աջակցությունը վճարվում է անկանխիկ՝ շահառուի քարտային հաշվին փոխանցմամբ։
«Փոխանցումը չի կատարվելու բանկերի միջոցով։ Մենք բանկերում կուտակումների խնդիր ունենք։ Այս դեպքում անհրաժեշտ կլինեն անձնական, անհատական հաշիվներ»,- ասում է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Դիմումները կսկսեն ընդունվել մայիսի 22-ից։ Կարևոր նախապայմանը, ինչպես մյուս ծրագրերի դեպքում էր․ շահառուի տվյալների հրապարակվելն է։ Արդարադատության նախարարությունն այստեղ խնդիր է տեսնում՝ անձնական տվյալների գաղտնիության սկզբունքի խախտման վտանգ կա՝ ասում է արդարադատության նախարարը։ Վարչապետը համաձայն չէ։
«Մենք պայման ենք դնում, եթե մարդը չի ուզում իր անձնական տվյալը հրապարակվի, թող չդիմի։ Սա չարաշահումներ թույլ չտալու համար է»։
Քննարկման ընթացքում պարզվեց, որ նաև շահարկումներից խուսափելու համար է․
«Ասենք չենք հրապարկում, սոցիալական ցանցերում սկսեն գրել, որ ստացած 32 հազարից 45 հազարը վարչապետի հորեղբոր տղերքն են, մնացած 85 հազարը փոխվարչապետերի, մի հատ էլ դուրս գան ու ասեն՝ ոչ մեկն օգնություն չի ստացել։ Հա որ դուք սովոր եք եղել բրաբուսներով ու շարասյուներով գնալ ամսական նպաստ ստանալու , հիմա չեք ստանում, նշանակում է, որ ոչ մեկը չի ստացել։ Պայմանը հետևյալն է՝ կամ հրապարակվում է, կամ միջոցառումը չի արվում»,-ասաց Փաշինյանը։
Նախորդ ծրագրերից օգտված ավելի քան 300 հազար շահառուի տվյալ արդեն հրապարակվել է, դիմումում պարտադիր լրացման տող կա, որտեղ շահառուն տալիս է իր համաձայնությունը։

«Եթե գալիս է, կառավարության դիմաց ցույց է անում, ասում է՝ ես էս ինչ էսինչյանն եմ, տուժել եմ էս ինչ ոլորտից, թող կառավարությունն աջակցի։ Հիմա մենք աջակցում ենք, թույլ տվեք, որ ձեր տվյալը հրապարակենք։ Ասում է, չէ իմ տվյալը մի հրապարակեք։ Դա ինչ տրամաբանություն է»,- ասաց վարչապետը։
«Անձնական տվյալները պահպանում ենք սրբորեն, դրա համար էլ հանրության մի մասը չի հավատում, որ կորոնավիրուսից մահացածներ կան, չի հավատում, որ վերակենդանացման բաժնում մարդիկ կան»,- ասաց վարչապետը։
«Ոչ թե թաղամասերով, այլ շենքերով ու հասցեներով պետք է հրապարակել , որ կորոնավիրուսի հետևանքով վարակվածներ կան»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։ Առողջապահության նախարարն այս առաջարկին սկզբունքորեն դեմ չէր։




