ԿարևորՀասարակություն

«Մեր երազանքների դպրոցը». Վանաձորի թիվ 7 դպրոցը պատրաստ է շահագործման

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում՝ ծանոթանալու նորակառույց կրթօջախում ստեղծված հնարավորություններին: Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ նա շրջել է մասնաշենքում՝ հիանալով ստեղծված պայմաններով:

Դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ (ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ):

Ժամանակակից մոտեցումներով կառուցված սեյսմակայուն այս դպրոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի բնակչությանը: Ուսումնական հաստատությունը համալրվել է նաև ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Այն նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 430 աշակերտի համար: Թեև ներկայում աշակերտների թիվը 285 է, բայց տնօրենը վստահ է, որ նորամուտից հետո նրանց թիվը անհամեմատ կաճի: Կոլեկտիվը երազանքների դպրոց է անվանում կրթօջախը և երազում, թե երեխաները երբ են ոտք դնելու այստեղ:

Երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Դպրոցի նախկին շենքը 88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել էր վթարային և ապամոնտաժվել է: Այնուհետ մինչ օրս ուսուցումն իրականացվել է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում: Նոր դպրոցը կառուցվել է ապամոնտաժված դպրոցի տարածքում:

Ուսուցումն այստեղ իրականացվելու է կաբինետային տարբերակով, յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված դասասենյակ ունենալու է բոլոր հնարավորությունները առարկայի դասավանդումն ամենաբարձր մակարդակով իրականացնելու համար.

-Նման կոնցեպտով կառուցված սա մեր մարզի միակ դպրոցն է առայժմ: Այն մեզ համար ապագա դպրոցի տեսլականն է: Մեր երազանքն է, որ Լոռու մարզի բոլոր դպրոցները նման պայմաններ ունենան: Այս ծրագրի շրջանակներում մեր մարզից ընդգրկված է ևս 3 դպրոց և շատ շուտով կսկսվի դրանց շինարարությունը նույնպես: Նախատեսված է, որ յուրաքանչյուր տարի հենց այս մոտեցմամբ մարզում երեքական դպրոց կկառուցվի, դպրոցաշինություն կիրականացվի նաև այլ ծրագրերի շրջանակներում,-նշել է մարզի ղեկավարը և հավելել, որ դպրոցը դեռևս որոշակի տեխնիկական հագեցվածության խնդիր ունի, ինչը ևս առաջիկայում լուծում կստանա:

-Հուսով ենք, որ համավարակը կնահանջի շուտով, և կկարողանանք նոր ուսումնական տարվա սկզբին՝ հանդիսավոր բացում կազմակերպել, սկսել բնականոն դասապրոցեսը,- ասել է Ա. Ղուկասյանը:

Մարզի ղեկավարը նաև հայտնել է, որ շուտով նաև վերգետնյա անցում կկառուցվի փողոցի վրա՝ ապահովելով դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=770586820380031&id=244085213030197

Կարդացեք նաև

Back to top button