ԿարևորՀասարակություն

Արցախի նոր կառավարությունը ձևավորված է

Արցախում ավարտվել է նոր կառավարության ձևավորման գործընթացը: 2017 թվականից գործող Սահմանադրության համաձայն՝  նախագահը կառավարությունը կազմավորում է միանձնյա՝ պաշտոնավարման մեկնարկից  20 օրվա ընթացքում: Եւս 20 օր  գործադիրն ունի գործունեության ծրագիր կազմելու համար: Գործընթացը սկսվել և տեղի է ունենում  նոր կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում:

Ընտրություններից հետո գործադրի ընդլայնված հավաքների մեծ մասը տեղի է ունենում  նախագահական նստավայրում, որի դահլիճը կառավարության նիստերի դահիճից ավելի ընդարձակ է  և հնարավորություն է տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը: Պաշտոնական վերջին բոլոր միջոցառումների ժամանակ դիմակ կրելը պարտադիր է: Ընդամենը երկու օրից՝ հունիսի 15-ից , պահանջը  Արցախում պարտադիր է լինելու բոլորի համար՝ փակ տարածքներում և հանրային տրանսպորտում:  Արդեն երկու օր է կամավորականները  դիմակներ են բաժանում ուղևորներին:

Ոստիկանները ևս մարդկանց հորդորում են պահպանել  կորոնավիրուսի հետ կապված  ցուցումները: Եւս մեկ ամիս արցախցիները շարունակելու են ապրել արտակարգ իրավիճակի պայմաններում:

Գործադիրը 20 օր ժամանակ ունի գործունեության ծրագիր կազմելու և հրապարակելու համար: Նախագահ Հարությունյանը հրավիրած ընդլայնված խորհրդակցությունում   նշել է 10 սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվեն գործադրի անդամները:  Դրանցից առաջինը՝ «պաշտոնավարումը  ծառայություն է ժողովրդին»:

Արցախի նոր գործադիր իշխանությունը՝ չնայած բարդ ու լարված ընտրական գործընթացներին, ձևավորվել է ոչ միակուսակցական սկզբունքով: Դրանում տեղ ունեն  Արայիկ Հարությունյանի  քաղաքական  կոշտ ընդդիմախոսները: Մասիս Մայիլյանը շարունակում է  պաշտոնավարել որպես արտաքին գործերի նախարար: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս   Սամվել Բաբայանը Արցախի անվտանգության քարտուղարն է: Նրա «Միասնական Հայրենիք» կուսակցության և Արայիկ Հարությունյանի գլխավորած դաշինքի միջև համագործակցության  հուշագիր  է ստորագրվել, որը պետք է լինի կառավարության  գործունեության հիմքում:

Արցախում այսպիսի հետընտրական քաղաքական վերադասավորումները ոչ միանշանակ են ընդունվել: Զրուցակիցս Տիգրան Գրիգորյանն է՝ Արցախի  նոր խորհրդարան չանցած ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ազգային Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը:   

Նոր կառավարության գործունեության ծրագիրը, որքան էլ հիմնված լինի քաղաքական ուժերի  նախընտրական խոստումների վրա, այնուամենայնիվ համավարակի վտանգները հաշվի է առնելու: Արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ ամսով: Գործադիր ու համայնքային իշխանության ոչ բոլոր մարմիններն են լիարժեք գործում:  Ծառայությունների մեծ մասը  մատուցում են առցանց: Համավարակի հետ կապված վերջին լավ լուրը Շահումյանի շրջանի 10 բնակավայրերում ազատ տեղաշարժի  սահմանափակումների վերացումն է: Համապատասխան որոշումը պարետ Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է երեկ:

Կարդացեք նաև

Back to top button