ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ կոնտակտավորներն այլևս չեն թեստավորվում

Հռիփսիմե Հովհաննիսյանի 12 հոգանոց ընտանիքի երկու անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրոս։ Հռիփսիմեն նշում է, որ նրանց  ախտանիշները շատ տարբեր են եղել, հետևաբար չեն դիմել  պոլիկլինիկա։

«Տան բոլոր անդամներն ունեցել են ախտանշաններ, բայց շատ տարբեր։ Մեկի մոտ գլխացավ, մյուսի մոտ՝ սրտխառնոց, մյուսի մոտ՝  փորլուծություն, մյուսի մոտ՝ աչքի թաղանթի բորբոքում։  Բայց քանի որ ամուսնուս հայրիկը շաքարային դիաբետ ուներ, մենք անվտանգության բոլոր կանոնները պահպանում էինք»,- ասում է Հռիփսիմե։

Բայց հինգ օր առաջ ամուսնու հայրիկի ջերմությունը կտրուկ բարձրացել  է, շտապ օգնություն են կանչել։ Մեկ ժամ անց են միայն կարողացել  նրան հոսպիտալացնել, քանի որ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղ չի եղել։ Տեղափոխել  են Աստղիկ ԲԿ, որտեղ բոլոր բուժծառայություներն իրականացվում են վճարովի հիմունքներով։ Հռիփսիմեն ասում է, որ այս պահին իրենց մտահոգությունը այլ է։ Պոլիկլինիկաներն ընտանիքի անդամներին անվճար չեն թեստավորում՝ նշելով, որ նրանք ախտանշաններ չունեն։

«Ասում են դուք ախտանշաններ չունեք, հետևաբար չենք կատարի։ Բայց սկեսրայրիս մոտ էր անախտանիշ։ Հիմա կարող է 14 օր հետո մեզ մոտ նոր ի հայտ գա։ Ու մենք այսպես նստենք սպասենք։ Ո՞նց կլինի»,-ասում է Հովհաննիսյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ նմուշառման  և թեստավորման գործընթացում փոփոխություններ են եղել։  Եթե  նախկինում ախտանշաններ ունեցողներին բոլորին հոսպիտալացում էին, հիմա ըստ հիվանդի վիճակի են որոշում՝ հոսպիտալացնել,  թե՞ ոչ։  Եվ  եթե նախկինում կոնտակտավոր անձանց  թեստավորում էին, ապա այժմ ոչ բոլորին են թեստավորում։ Սա չի վերաբերում այն կոնտակտավորներին,  որոնք ռիսկային խմբում են և ունեն քրոնիկ հիվանդություններ։

 «Եթե կոնտակտավորների շրջանում կան բժշկական ցուցումով անձինք, ապա  նրանք  թեստավորվում են։ Իսկ եթե  կոնտակտավորները չունեն որևէ ախտանշան,  ապա թեստավորում չի կատարվում։  Ախտանշաններ են 38 աստիճան տաքությունը, համի հոտի բացակայություն և այլն»։

Հռիփսիմեն ասում է, որ այս պահին իրենց   ընտանիքի անդամներն ախտանշաններ չունեն։ Բայց սպասողական ու անորոշ վիճակում երկար մնալ չեն կարող, հետևաբար  տարբեր  բուժհաստատություններում հերթագրվել են, որպեսզի  վճարովի հիմունքներով թեստեր հանձնեն։

«Մենք ինքնամեկուսացել ենք, պարետատնից զանգեցին ու ասեցին։ Բայց ով պետք է հոգա մեր ապրելու խնդիրները, այսինքն ինչ–որ մեկը մեզ պետք է հաց ու ջուր մատակարարի։ Մենք չենք կարող նստել ու սպասել,  դիմել ենք, որ վճարովի հանձնենք ու շուտ պատասխան ստանանք։ Բայց այս դեպքում մենք 10 հոգի ենք, ու դա ահռելի մեծ գումար է, հատկապես  այս ժամանակահատվածում, երբ չենք աշխատում»,- ասում է Հռիփսիմեն։

Գայանե Սահակյանն  ասում է, որ  եթե սիմպտոմներ չկան, կարիք չկա անհանգստանալու,  թեստ հանձնելու ու լաբորատորիաները ծանրաբեռնելու։  Իսկ նախկինում նմուշառում արվում էր բոլոր կոնտակտավորներից՝ վարակի օջախները հայտնաբերելու ու հսկողությունը  լիարժեք  դարձնելու համար։

«Դեպքերը շատացել են, ու դեպքերի վերարտադրողական գործակիցը նվազել է։ Օրինակ, դեպքեր ենք ունեցել, որ մեկ հոգին 19 հոգու վարակել է։ Այժմ այդ ինտենսիվությունը նվազել  է։ Մեկ մարդը վարակում է մեկ մարդու։ Սա նշանակում է, որ շրջապատում վարակվածների թիվը շատ է։ Հետևաբար՝ պետք չէ ծանրաբեռնել լաբորատորիաները»,- ասում է Սահակյանը։

Նախկինում 14-օրյա բուժման ավարտից հետո  պացիենտից ևս մեկ նմուշառում էր կատարվում։ Հիմա  այդ նմուշառումը կատարվում է միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա։

«Մենք պետք է հասկանանք նպատակը․ վիրուսը իր վարակելիությունը կորցնում է 11–րդ օրում։ Եթե թեստը  անգամ 14 –րդ օրը ցույց տվեց դրական, միևնույնն է այդ մարդն իր շրջապատի համար վտանգավոր չի կարող լինել»,-ասում է մասնագետը։

Քանի դեռ համաճարակային իրավիճակը երկրում լարված է, պահպանվում է նաև ինքնամեկուսացման  լրացուցիչ ռեժիմը, ինչը նշանակում է, որ  14–օրյա  բուժումից հետո էլ  14 օր պացիենտը պետք է լինի  ինքնամեկուսացված։

Կարդացեք նաև

Back to top button