ԿարևորՀասարակություն

Արժանապատիվ տրանսպորտից` վերելակներ․ ԱԺ–ում քննարկել են Երևանի բյուջեի կատարողականը

Մայրաքաղաքի բյուջեով  2019 թ․ նախատեսված շուրջ 97 մլրդ դրամի ծախսերից փաստացի կատարվել է 73 մլրդը։ Երևանի բյուջեն կատարվել է 74.5 տոկոսով։ Պատգամավորներն այսօր լսել են Երևանի քաղաքապետարանի հաշվետվությունը, որը ներկայացրել է փոխքաղաքապետ  Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրերի չկատարումը կամ թերակատարումը 3.5 տոկոս է կազմում և դա հիմնականում պայմանավորված է պետության կողմից պատվիրակված վարկային ծրագրերի վերանայմամբ։ 11 մլրդ դրամ մնացորդ է առաջացել տնտեսումներից և ծրագրերի չկատարումից։ Պատգամավորները հետաքրքրվել են չկատարված ծրագրերից։

Մինչ այդ էլ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը նկատել է, որ քաղաքապետարանը երրորդ անգամ է հաշվետու լինում խորհրդարանի առջև, որից երկուսի դեպքում քաղաքապետ Հայկ Մարությանը չի մասնակցել։

Քաղաքապետը շփվել է 2 ակտիվ վարակակրի հետ, կոնտակտավոր է և գտնվում է մեկուսացման մեջ՝ պարզաբանել է ֆինանսական գծով փոխքաղաքապետը։

Երևանի 2019 թ․ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը նկատեց, որ արժանապատիվ ուղևորափոխադրման տողի դիմաց կատարողականը 0 է։ Այնինչ, հատկացված գումարների կեսը ծախսվել է։ Սա պարզաբանվել է տրանսպորտային նոր համակարգի ներդրմամբ, որը չի ավարտվել։ Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում տրանսպորտի նոր համակարգի ներդրումը և ինչու է կատարողականը կազմում 0 տոկոս։

2018–ի դեկտեմբերից Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագիրն ակտիվ քննարկվում է, որի բյուջեն 100 մլն եվրոյից ավելի է՝ ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Բնականաբար, այսպես ասեմ, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքի բյուջեով հնարավոր չէր իրականացնել 100 և ավելի մլն եվրոյանոց ծրագիր։ Ուստի, այստեղ աշխատանքն իրականացվում է քաղաքապետարանի և կառավարության համատեղ ջանքերով։ Այս պահին մենք ունենք նախասկզբնական փուլի իրականացում՝ 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթը հրապարակված։ Դրա արդյունքներով մենք կունենանք առաջին խմբաքանակի մատակարարումը Երևան՝ որպես տրանսպորտային ցանցի ավտոբուսային շարժակազմի համալրման առաջին փուլ»,- ասաց Սարգսյանը ։

Տրանսպորտային համակարգի ամբողջական բարեփոխումների ծրագիրը ներդրումային բովանդակություն չի պարունակում, որ հետաքրքիր լինի ներդրողների համար։ Այս պահին դեռևս չկա հստակություն՝ դա կարվի ներդրումայի՞ն, վարկայի՞ն միջոցներով, թե՞ կառավարության սուբսիդավորմամբ։

«Համենայն դեպս, այս 100 ավտոբուսները կառավարության կողմից տրամադրվող միջոցների հաշվին են իրականացվելու։  Եթե չեմ սխալվում՝ մոտ 10 մլրդ  դրամի մասին է՝ ընդհանուր բյուջեի ֆոնդը։ Հաջորդիվ մաս-մաս կներկրվեն մնացած խմբաքանակները։ Մինչևավտոբուսների ամբողջական խմբաքանակը չլինի Երևանում, հնարավոր չէ ծրագրին մեկնարկ տալ»,- նշեց պաշտոնյան։  

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բնական համարեց, որ տրանսպորտային նոր համակարգի ամբողջական պատկերը երկարատևհեռանկարում կլինի։ Մինչ այդ, սակայն, կարծում է, որ անհրաժեշտ են կարճաժամկետ լուծումներ, օրինակ՝ բեռնատարների տեղաշարժի սահմանափակում որոշակի ժամերի։  

Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ նման քննարկումներ քաղաքապետարանում եղել են. ժամային սահմանափակումները կարող են էապես խաթարել շինարարական գործընթացները, իսկ կոնկրետ ժամերի թույտվությունն էլ կարող էր ծանրաբեռնել քաղաքը բեռնատարներով։ Հրաչյա Սարգսյանը նաև հիշեցրեց, որ գործում է բեռնատարների շարժը կարգավորող նորմատիվ-իրավական ակտ՝ հարցը վերահասցեագրելով ոստիկանությանը։ Պետք է ընդամենը ակտը կիրարկել՝ ասաց։  Գնված 100 ավտոբուսները կմեղմեն այսօրվա վիճակը, հետո կծառայեն նաեւ նոր ցանցում՝ վստահեցրեց Հրաչյա Սարգսյանը։  Ընդդիմադիր պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հանրությանը հետաքրքրող  վերելակների խնդրի մասին հիշեցրեց փոխքաղաքապետին, նաեւ՝ վերելակի գործարան կառուցելու խոստումների։   

«Վերելակների գործարան կառուցելու որևէ բանակցություն մենք չենք ունեցել, որևէ ներդրող Երևան քաղաքի հետ գոնե նման ծրագիր չի քննարկել։ Վերելակների փոխարինման ծրագիրն էլ արդեն մեկնարկել է։ Անցյալ տարի 20 վերելակի մրցույթ հայտարարեցինք և փոխարինեցինք հաջողությամբ՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Գորգիսյանը։

Հենց այդ ծրագրի արդյունքներից ելնելով այս տարի հայտարարվել է 500 վերելակի մրցույթը՝ շուրջ 5 մլրդ դրամի ընդհանուր նախահաշվային բյուջեով։ Պայմանագրային արժեքն էլ արդեն հայտնի է՝ 4 մլրդ 560 մլն դրամ։ Գործընթացն սկսված է, վերելակների տեղադրման պատվերները ներկայացված են ու այդ 500 վերելակները ճանապարհին են։

Կարդացեք նաև

Back to top button