ԿարևորՀասարակություն

Հարսանիք ZOOM-ո՞վ, թե՞ զուռնա-դհոլով․ ինչպես պահպանել կանոնները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի   մշտադիտարկումների հիմքով  պարետատունը շուրջ 700  տնտեսվարողի գործունեության կասեցման որոշում է  կայացրել, միայն այսօր՝ 111-ը։ Արտակարգ դրության  հայտարարումից ի վեր տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել 12 հազարից ավելի  ընկերություններում։

Հիմնականում արձանագրվում են սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովումը,  ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայությունը, բոլոր պահանջվող վայրերում դիմակների ոչ պատշաճ կրումը։

Ցտեսություն հերթեր, մարդկային կուտակումներ,  բարի գալուստ ջերմաչափում և սոցիալական հեռավորություն։ Կորոնավիրուսը շարունակում է  փոխել աշխարհը։ Կյանքն այլևս նախկինի նման չէ․ փոխվել են անգամ մարդկային շփումներն ու  հարաբերությունները։  Այլընտրանք չկա, քանի դեռ կորոնավիրուսի պատվաստանյութը չի հայտնաբերվել,  մնում է միայն մեկ ելք՝  հարմարվել նոր պայմաններին, օրինակ, մտածել, թե ինչպես հարսանիք կազմակերպել։ Սոցիալական պատասխանատվությանն այստեղ  կարող է միանալ  նաև կրեատիվությունը։

Օրինակ վերջերս  մի զույգ որոշել էր  հարսանիքը ZOOM-ով կազմակերպել։ Ամուսնանալ պլանավորել էին նախապես, օրը չխախտեցին, վարկ չվերցրեցին, ցանկացան նաև օրինակ ծառայել  շատերի համար։

https://www.facebook.com/lasticalgoris/videos/2597804227099226/

Պարզվում է, սակայն, համավարակի այս օրերին հայկական ավանդական դհոլ զուռնայով ամուսնանալ ցանկացողներ էլ կան։  Հյուրերի ցանկն էլ  պետք է պատկառելի լինի։ Օրերս «Գետափ» ռեստորանային համալիրում  մոտ 80 հոգով  ամուսնացրեցին երիտասարդ մի զույգի։ Զույգը մեղրամիսն է վայելում, իսկ   ռեստորանի սեփականատերն այսօր  բացատրություն է տալիս տեսուչներին։  Տարածքում  այսօր  փակցվեց պարետի՝ 72 ժամով  համալիրի աշխատանքը   կասեցնելու որոշումը։ ՍԱՏՄ  սննդամթերքի անվտանգության վարչության  պետ Վահե Դանիելյանն ասում է, որ արձանագրված անհամապատասախանությունները պարետատուն են ներկայացնում․

«72 կասեցում,  որոնցից  4–ը հարսանյաց միջոցառումների կազմակերպում է»։

Հիգիենայի կանոնների ու  պարետի սահմանած նորմերի պահպանումը   մեկ նպատակ ունեն՝  կանխարգելել համավարկի տարածումը։  Ինչպե ՞ս, շատ պարզ՝ ամեն օր չափել աշխատակիցների ջերմությունը, գրառել հատուկ մատյանում, որևէ փակ տարածք, օրինակ, առևտրի կենտրոն մտնելիս   չզլանալ, հաճախորդներին դիմակի ու սոցիալական հեռավորություն պահպանելու մասին հիշեցնել։ 

«Կարևոր է փակ աղբաման, գրանցամատյան, ախտահանող նյութեր ունենալը։

Տնտեսվարողներից պահանջվում է երկու ժամը մեկ ախտահանել տարածքը՝ ախտահանիչ նյութերով։  Գուցե առաջիկայում դրա  անհրաժեշտությունն այլևս չլինի։  Հայ  գիտնականներից կազմված խումբը ստեղծել է մանրէասպան  սարք, որի  առաջին խմբաքանակը նվիրվել է բժշկական հաստատություններին։

Օգտագործվել է ուլտրամանուշակագույն ճառագայթների մանրէասպան հատկությունը․ սարքը, UV ճառագայթիչներով վարակազերծում է շրջապատը։ Այն  կարելի է օգտագործել տանը,  առևտրի կետերում, հասարակական տրանսպորտում։  Սարքն արդեն անուն ունի՝ ANTIVIRUS UV։ Ինժեներ-կիբեռնետիկ Զորիկ Ասլյանի ընկերներն ու մտերիմներ այն առաջինն օգտագործողներից են: Անձրևանոցի չափ ունեցող սարքը կարելի է պահել որևէ կետի վրա՝ կարճ ժամանակով, և ուլտրամանուշակագույն ճառագայթները դրանք կոչնչացնեն։

«Սարքը շարժական է, կարելի է օգտագործել մեքենաների մեջ,  ամեն տեղ, որտեղ դրա կարիքը կա։ Սովորական պայմաններում կարելի էր ոչ  շատ հաճախ օգտագործել սարքը, սակայն, այժմ կարելի է հաճախակի ախտահանել տարածքները»,- նշում է Զորիկ Ասլյանը։ 

Մանրէասպան սարքի հետագա ճակատագիրն առայժմ անորոշ է։ Քանի դեռ այն լայն կիրառություն չունի,  տեսչական մարմինների ներկայացուցիչները օրական մի քանի անգամ  լինում են առևտրի կետերում, փակ արտադրական տարածքներում, երեկոյան արդեն շրջայցեր են կատարում հանրային սննդի կետերում։ ՍԱՏՄ  սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյան։

«Խնդիրները հիմնականում պայմանավորված են հիգիենայի պահանջների պահպանման հետ, խնդիրներ կան նաև բակային խանութներում,որտեղ քաղաքացիները չեն պահպանում սանիտարական նորմերը, փորձում են առանց դիմակ խանութ մտնել։ Կամ խանութների աշխատակիցները չեն պահպանում հերթերից խուսափելու կանոնները։ Մենք այդ ուղղությամբ ենք նաև վերահսկողություն իրականացնում»,- ասում է Վահե Դանիելյանը։

Չպահպանելով հիգիենայի նորմերը՝ մեզնից  յուրաքանչյուրը համավարակին  անխոչընդոտ  հյուրընկալվելու հնարավորություն է տալիս։

Կարդացեք նաև

Back to top button