ԿարևորՀասարակություն

«Սամոկատով էի, մարզվում էի»․ կարգազանց քաղաքացու նկատմամբ արձանագրություն կազմվեց

Հայաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի։ ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում:

«Ռադիոլուրը» միացել է ծառայություն իրականացնող խմբին և տեղում հետևել, թե ինչպես են ոստիկանները բացատրական աշխատանքներ տանում, ինչու չէ, նաև արձանագրություններ կազմում։

Բարձրախոսով կառավարության համապատասխան որոշման մասին իրազեկման ամենօրյա միջոցառում է իրականացվում Երևանի կենտրոնում։

«Որտեղ կուտակումներ են ՝բանկերի, խանութների մոտ, կանգնում և զգուշացնում ենք, որ պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Եթե նկատում ենք մեքենա, որում երկու քաղաքացիներից մեկը դիմակ չի կրում, դարձյալ մոտենում ենք և վարչական արձանագրություն ենք կազմում»,- ասում է Ոստիկանության ավագ լեյտենանտ Ներսես Հակոբյանը։

Ուժային կառույցները իրազեկման աշխատանքներ են կատարում ոչ միայն պարեկային ավտոմեքենաներով, այլև հետիոտն կարգով։ Պարեկապահակետային ծառայության 4-րդ հատուկ գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի ծառայության տեսուչ, Ոստիկանության ավագ լեյտենանտ Ներսես Հակոբյանի հետ շրջում ենք Երեւանի կենտրոնում եւ շարունակում քաղաքացիներին զգուշացնել սոցիալական հեռավորության ու դիմակների կարեւորության մասին։

Քայլում ենք, ու նկատում եմ, որ դիմակ կրելը նույնիսկ նորաձև է դարձել։ Աղջիկներն, օրինակ, այլևս ոչ թե շրթներկի կամ կոշիկների գույնն են հարմարեցնում հագուստին, այլ՝ դիմակի դիզայնն ու գույնը։Մոտենում ենք առաջին իսկ քաղաքացուն, որը դիմակ ունի, բայց չի կրում։

 «Հարգելիներս, ինչու՞ դիմակը չեք կրում ինչպես հարկն է»։

«Հենց նոր սրճարանից դուրս եկանք, ծխեմ, վերջացնեմ, ու կդնեմ դիմակը»:

Հանդիպեցինք նաև ոչ այնքան հնազանդ քաղաքացիների։

«Դիմակ դնելն անիմաստ եմ համարում, որովետև սամակատով եմ, մարզվում եմ»։

Օրենքի օրինական պահանջին չենթարկվելու դեպքում ոստիկանները ստիպված անցնում են ավելի խիստ միջոցների․ կազմում են արձանագրություն, ծայրահեղ դեպքում՝ անհնազանդ քաղաքացուն ուղեկցում բաժանմունք։

Զրուցակիցս նկատեց, որ վերջին օրերին անհամեմատ շատացել են դիմակ կրող քաղաքացիները, փաստացի հազվադեպ են հանդիպում կարգազանցներ։ Պատճառն, ըստ էության, վարակակիրների օրեցօր աճող թիվն է։ Լինում են նաև զավեշտալի իրավիճակներ.

 «Դե, մեր հայերը՝ անգամ տղամարդիկ, հանդիպելիս համբուրվում են, մենք փորձում ենք այդպիսի երևույթները կանխել։ Լինում են քաղաքացիներ, որ շենքի մուտքից դուրս գալիս մեզ նկատում են, մոտենում, ասում են չեմ հասցրել դիմակս դնեմ, կամ միանգամից դիմակը դնչից բարձրացնում և շնչուղիներն են փակում ու համոզում, որ դիմակով էին, պարզապես մենք չեն նկատել»,- նշում է Ներսես Հակոբյանը։

Ես արդեն չէի դիմանում տապին։ Իսկ ոստիկանները ոչ միայն նույն ջանասիրությամբ շարունակում էին հատուկ ծառայությունը Երևանի փողոցներում, այլև սեփական օրինակով ցույց տալիս, որ ավելի լավ է արևի տակ դիմակ և ձեռնոց կրել, քան վտանգել իրենց և մյուսների կյանքն ու առողջությունը։

Կարդացեք նաև

Back to top button