ԿարևորՀասարակություն

Խախտումները քչացել են, կրկնախատումները՝ գրեթե վերացել

Տեսչական տարբեր մարմիններ  շարունակում են մշտադիտարկումներ ու ստուգայցեր իրականացնել  Երևանում և մարզերում։  Նպատակը մեկն է՝ հասկանալ, թե արդյոք  պահպանվում են պարետի  պահանջները։ Տեսչական մարմինների  պատասխանատուներն իրավիճակում փոփոխություններ  են տեսնում՝  խախտումները նվազել են, կրկնախախտումները՝ գրեթե վերացել։

Հայաստանը Չինաստանից հեռու է հազարավոր կիլոմետրեր։ Հայկական  օդանավեր  չինական  օդանավակայաններում չկան։  Հայաստանում  էլ չինական ինքնաթիռների ձայներ չեն լսվում։ Սակայն Չինաստանում ծագած կորոնավիրուսը Հայաստան հասավ։ Ու մասնագետներն ասում են՝ դեռ երկար կմնա։

Թե որ երկիրն այս դեպքում դարձավ տրանիզտ, դժվար է ասել։  Գիտենք միայն, որ  վարակի ծագման վայր է համարվում վայրի կենդանիների չինական հայտնի  շուկան, որից Չինաստանում արդեն զգուշանում են։ Այժմ զգուշավոր է ամբողջ աշխարհը, նաև՝ Հայաստանը։ Այնքան զգուշավոր, որ կարգ ու կանոնի, հիգիենիկ պահանջների հստակ նորմեր են սահմանվել, ու դրանց պահպանումը հսկվում է։

Ոստիկանները  պարբերաբար  ստուգայցեր են կազմակերպում Երևանում և մարզերում,  իրազեկում քաղաքացիներին՝  հորդորելով դիմակ ու ձեռնոց կրել։

Ջերմաչափման գրանցման մատյաններ, տեղեկատվական թերթիկներ, իրազեկման պաստառներ, ախտահանող միջոցներ, դիմակ, ձեռնոց, իրազեկում այն մասին, որ  ժամը 10-ից 12–ը սպասարկման հերթը կենսաթոշակառուներինն է։ Սրանք այն  պարտադիր պահանջներն են, որոնք տնտեսվարողները պետք է պահպանեն։ Այս օրերին տեսուչները դրսում են՝ ստուգայցերի, նրանց կարելի է հանդիպել  ամենուր։

Առևտրի կետերգեղեցկության սրահներ, բանկեր․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքում 24 ժամով կասեցվել է Արարատյան մաքսատան տարածքում տեղակայված բանկերի գործունեությունը, ինչպես նաև «Հայփոստի» բաժանմունքներից մի քանիսինը։ Տնտեսավարողները  խախտել են  ջերմաչափման, գծանշման և աշխատակիցների միջև սոցիալական հեռավորության պահպանման պահանջները։ Ուղեցույցը՝ պարետի ցուցումներն ու որոշումներն են։

«Ձեզ մոտ մշտադիտարկում է կատարվել, արձանագրվել է, որ երեք աշխատակիցների ներկայությունը չի համապատասխանում այս քառակուսի մակերեսին»։

Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի  Հարավային տարածքային կենտրոնը  սպասարկում է Արարատի ու Արմավիրի մարզերը։ Մայիսի 5-ից  մշտադիտարկումներ են իրականցրել երկու մարզերի  100–ից ավելի կազմակերպություններում, մոտ  200 –ի վերաբերյալ 24 ժամյա կասեցման որոշում է կայացվել։

Կենտրոնի ղեկավար Գնել Սարգսյանն արձանագրում է․«Հիմնականում մեծ ոլորտներ են ընդգրկվել՝  գեղեցկության սրահներ, ատամնաբուժական ծառայություններ, խոշոր արտադրական կազմակերպություններ, սպասարկման ոլորտի ծառայություններ։ Արձանագրվել են խախտումներ, սակայն, ի ուրախություն բոլորիս, կարող եմ նշել, որ կրկնախախտումները գոնե  այս փուլում վերանում են»։    

Եթե նախկինում խախտումների հիմքով պարետի կասեցմանն էր ուղարկվում ամեն երրորդ տնտեսվարողի մոտ կազմված արձանագրությունը`խախտումների հիմքով, ապա հիմա ամեն տասներորդ տնտեսվարողին է կասեցման միջնորդություն ուղարկվում։

«Սկզբնական շրջանում հիմնականում   դիմակների, ձեռնոցների  չկրման  հետ կապված էին թերություններ արձանագրվում։ Բազմաթիվ կազմակերպություններում   հանդիպում էին  ջերմաչափման  հետ կապված խնդիրներ։ Անում էին ջերմաչափումներ, սակայն, գրանցամատյաններում չէին նշում։ Բավականին հաճախ նկատվող խախտումներից է սոցիալական հեռավորության  պահպանումը, գծանշումները, սակայն, մեկ երկու այցից հետո այդ խախտումները հիմնականում վերանում են»,- ասում է Գնել Սարգսյանը։

Նկատված բացթողումները շտկելուն, ըստ տեսուչների, օգնում են մշտական  ու լայնածավալ  դիտարկումները, ինչպես նաև տնտեսվարող կազմակերպությունների  ղեկավարների  պատասխանատվության զգացումը։

ՍԱՏՄ տեսչական մարմնի  տեսուչները բաց չեն թողնում ոչ մի տարածք՝ սուպերմարկետներից մինչև գիշերային ակումբներ։

Տեսչական մարմինների պատասխանատուները արձանագրում են՝  տնտեսվարողներից քչերն են, որ նորմերն ու  կանոնները չեն պահպանում։

Պարետի ցուցումներին հետևելը կանխում է  համավարակի տարածումը։ Ի  վերջո, ինչպես  մասնագետներն են փաստում,  վիրուսները սովորաբար որևէ տեղ չեն անհետանում, նրանց համար պարզապես պետք է անհարմար պայմաններ ստեղծել։ 

Կարդացեք նաև

Back to top button