ԿարևորՀասարակություն

Ցավը ցավին վնաս է․ սթրեսն ու տագնապները կորոնավիրուսի ֆոնին ակտիվացել են

Առողջապահական համակարգի ամբողջ ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի վրա, բայց պարզվում է, որ ցավը վնաս է նաև այլ ցավերին․ ավելի պարզ՝ կորոնավիրուսը նպաստում է այլ հիվանդությունների աճին ու սրացմանը։ Շտապօգնության ծառայության կանչերի թիվն, օրինակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է օրական 200-300-ով։ Ավելացել են նաև  հոգեսոմատիկ բնույթ կրող հիվանդությունները։

«Մեկ ամիս է արդեն կողքս ցավում է, բայց վախենում եմ գնալ  պոլիկլինիկա։ Ամեն օր այսքան թվեր են ներկայացնում, գնամ վիճակս ավելի՞ բարդացնեմ, չգիտեմ՝ ինչ անեմ»։

Նախկինում տիկին Գայանեն արդեն մի քանի անգամ այցելած կլիներ իր ընտանեկան բժշկին, համապատասխան բուժումներն ընդունած կլիներ։ Բժշկուհու հետ այժմ ստիպված է բավարավել միայն հեռախոսային շփումներով, բայց հեռախոսով էլ ամեն ինչ չէ, որ հնարավոր է ճիշտ ախտորոշել, ասում է։ Եթե նա իր ցավերով առայժմ դեռ կարող է դիմանալ ու չայցելել պոլիկլինիկա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ապա նույնը չեն կարող անել ավելի ծանր հիվանդները, որոնց ահազանգերն  ուղղված են ոչ թե պոլիկլինիկական, այլ շտապ օգնության ծառայությանը։

«Կանչերի կեսից ավելին այսօր կորոնավիրուսի դեպքերն են, բայց աճ ունենք  նաև այլ հիվանդությունների մասով»,-ասում է Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Հունվար-փետրվար ամիսներին մենք ունեցել ենք բավականին մեծ թիվ՝ կապված սուր շնչառական հիվանդությունների հետ։ Ապրիլ և մայիս ամիսները կանչերի քանակով մեզ համար բավականին հանգիստ էին։ Աննախադեպ իջել էր օրական կանչերի թիվը՝ մինչև 550-600։ Բայց հունիսի մեկից մեր կանչերի թիվը նորից կտրուկ բարձրացավ, հասել է մինչև 1052, 1097 կանչի։ Երեկ ունեցել ենք 957 կանչ»,- ասում է Ստեփանյանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շտապօգնության օրական կանչերի թիվն ավելացել է 200-300-ով։ Դրանց 50-60 տոկոսն, ինչպես արդեն նշվեց, կորոնավիրուսի դեպքերն են, որոնց հաջորդում են մյուս հիվանդությունները:

«Ինչպես միշտ, առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, այնուհետև՝ սուր շնչառականները, հետո՝ վնասվածքները։ Բայց այսօր սուր շնչառական հիվանդությունները՝ կորոնավիրուսով պայմանավորված, եկել են առաջին պլան»,- նշում է Շտապօգնության տնօրենը։

Համավարակով պայմանավորված լարվածության արդյունքում հոգեբան Սամվել Խուդոյանը նաև սիրտ-անոթային հիվանդությունների աճ է կանխատեսում, որովհետև վերջինները հոգեսոմատիկ հիվանդությունների ցանկում են։

«Այո, սրտանոթային հիվանդություններն էլ կշատանան, հատկապես որ մարդիկ քիչ են շարժվում, այսպես ասած, հիպոդինամիան ցածր է։ Չեն քայլում, չեն շփվում, իսկ դա սթրես է, որը նպաստում է հիվանդության զարգացմանը»,- նշում է հոգեբանը։

Նա այս օրերին արձանագրել է հոգեսոմատիկ այլ դրսևորումներ ևս․

«Մարդը հիվանդություն չունի, բայց սկսում են դրսևորվել ինչ–որ նշաններ՝ հազ, ջերմություն։ Վերջերս աշխատում էի մեկի հետ, որն ուներ շնչառական խնդիրներ, բայց լիովին առողջ էր։ Դա էլ հոգեսոմատիկ ռեակցիա է, որն առաջանում է կորոնավիրուսով հիվանդանալու վախից»,-նշում է Սամվել Խուդոյանը։

Այդուհանդերձ, հոգեբանը շեշտում  է՝ ներշնչված ախտանիշերը կարող են դրսևորվել մեկ կամ երկու անգամ, օրինակ՝ հազացիր, անցավ, ներշնչանքից մեկ անգամ կարող ես անգամ ջերմություն ունենալ։ Իրական հիվանդության դեպքում հիմնականում գործ ունենք ախտանիշերի համախմբի հետ, ասում է Խուդոյանը։

Ըստ նրա՝ համավարակի այս պայմաններում ամենավտանգավորը անորոշությունն է, որը մեծացնում է տագնապի զգացողությունը, վերջինն էլ իր հերթին ավելացնում է դեպրեսիան ու  նյարդային լարվածությունը։

«Միանգամայն կայուն հոգեկան աշխարհով մարդիկ այս օրերին բավականին հուզական դրսևորումներ են ունենում։ Հաճախ ագրեսիվությունն է աճում։ Ես, օրինակ, ոստիկանների այդ կոպիտ քայլերը շատ դեպքերում կապում եմ  ներքին չգիտակցված ագրեսիվության աճի հետ»,- ասում է Խուդոյանը։

Եթե նախկինում շփումից հաճույք էինք ստանում, այժմ մեկս մյուսի մեջ պոտենցիալ վտանգ ենք տեսնում, ինչը շատերին մղում է նաև հոգեբանական ինքնամեկուսացման։  Մարդկանց շուրթերին  անընդհատ նույն հարցն է՝ ե՞րբ պիտի ավարտվի այս մղձավանջը։ Հոգեբան Խուդոյանը լավ լուր ունի՝  բացասական  դրսևորումները պայմանավորված են զուտ իրավիճակով, որի շտկման դեպքում ամեն ինչ կմնա անցյալում։

Կարդացեք նաև

Back to top button