ԿարևորՀասարակություն

Գյումրիում 24 ժամով 10 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել

Գյումրիում այսօր  ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի  աշխատողների առողջության պահպանության և վերահսկողության բաժնի և  Սննդի անվտանգության պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները կասեցրել են 10  տնտեսվարողի գործունեություն։ Կասեցումը 24–ժամյա է՝ մինչև խախտումների շտկումը։ Չնայած խիստ նախազգուշացումներին երեկ էլ Գյումրիից ոչ հեռու ռեստորաններից մեկում հարսանիք են արձանագրել։

Գյումրիում շաբաթը մեկնարկեց տնտեսվարողների գործունեության մեծաթիվ կասեցումներով։ Աշխատանքի 24–ժամյա դադարի  հրամանը նախ ի կատար ածվեց «Յունիբանկ»-ում։ «Բանկերն այս շրջանում վարակի տարածման ամենահավանական աղբյուրներից են», – ասում են քաղաքացիներն ու միևնույն ժամանակ առանց սոցիալական հեռավորություն պահելու նույնիսկ ժամերով հերթ կանգնում։  

 ՀՀ առողջապահական և տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի  առողջության պահպանության և վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Գագիկ Մազմանյան։

«Ամսի 3-ի մշտադիտարկման արդյունքներն են, ահազանգ էինք ստացել, որ կան կուտակումներ, եկել ենք արձանագրել, իրենց մոտ փաստացի չեն եղել գծանշումներ, ինչպես նաև չեն պահել ժամը 10-12-ը կենսաթոշակառուներին սպասարկելու կարգը։ Հիմա և ներսում, և դրսում կատարված են գծանշումները, բայց անկախ ամեն ինչից կասեցնելու ենք, պարետի որոշումն է»,- ասում է Մազմանյանը։

Խախտումն արձանագրվել է հունիսի 3-ին, կասեցման որոշումը պարետատնից եկել է 5 օր անց՝ հունիսի 8-ին։ Եթե վարակի տարածման հավանական գոտի էր, ուրեմն նույն կարգով աշխատել է մի քանի օր։ Արդյոք հնարավո՞ր չէ խախտումն արձանագրելու և գործունեությունը կասեցնելու միաժամանակյա մոդել մշակել։

«Դա արդեն ես չեմ կարող ասել»։

 «Յունիբանկ»–ի գործունեության կասեցման լուրը իրարանցում առաջացրեց բանկի դիմաց հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիների մոտ։ Տիկին Լիդան թոշակառու է, մեծ դժվարությամբ է տնից դուրս եկել, ահը սրտում նստել երթուղային, հասել բանկ, երկար սպասել իր հերթին ու հիմա էլ՝ չի սպասարկվելու, նեղսրտել է։

«Դե թող ռիսկ անեն իմ ապառիկի վրա տոկոսներ հաշվեն՝ ասում է»,- ասում է թոշակառուն։

Ապառիկների, վարկերի վրա տոկոսներ չեն գա, պատասխանեցին տեսչական մարմնի աշխատակիցներն ու շտապեցին կասեցման որոշումներն ի կատար ածել հաջորդ հասցեներում՝ սննդի և հագուստի, խանութներ, վարսավիրանոցներ ու ատամնաբուժարաններ։

Սննդի սպասարկման կետերում սննդի անվտանգության տեսչական մարմինն է մշտադիտարկում, պարետի որոշմամբ կասեցումներ կատարում։ Սննդի ու տնտեսական ապրանքների 2 խանութի աշխատանք կասեցվեց Գյումրիի Պարույր Սևակ թաղամասում, ստուգումները շարունակվում են՝ ասում է Սննդի անվտանգության պետական տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետ Արտուշ Հովհաննիսյանը։ Երեկ էլ բազմամարդ հարսանիք են արձանագրել։

«Կանաչ կիրճում է եղել հարսանիքը, մեր մշտադիտարկման ընթացքում արձանագրությունը կազմել ենք, ուղարկել ենք պարետատուն»,- նշում է Արտուշ Հովհաննիսյանը։

Այսօր Գյումրիում 24 ժամով 10 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել։ Ըստ տեսուչների՝ ամեն օր շուրջ 40-ի աշխատանքին հետևում են։

Կարդացեք նաև

Back to top button