
Մշակութային կոլեկտիվները շարունակում են գոյատևել համավարակի պարտադրող պայմաններում։ Առանց հանդիսատեսի ու այցելուների կյանքը բարդ է, բայց եթե պետական կոլեկտիվներում խնդիրները այս կամ այն չափով լուծվում են, ապա մասնավորի ու ազատ ստեղծագործողների վիճակն իսկապես անելանելի է։
«Փառք Աստծո, մեր, նույնիսկ վախենում եմ ասել, կոլեկտիվի բոլոր անդամները առողջ են, բոլորին մաղթում եմ առողջություն»։
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի աշխատակիցների առողջությունը, ինչպես տնօրեն Ռուզան Սարյանն է ասում, փառք Աստծո լավ է, կորանավիրուսային համավարակից տուժածներ չկան։ Բայց, ինչպես մշակութային բազմաթիվ օջախներում, այստեղ էլ չկան այցելուներ, մշակութային ակտիվ եռուզեռ։ Թանգարան են այցելում միայն այն աշխատակիցները, որոնց աշխատանքը տեղում պարտադիր է, մյուսները՝ առցանց ձևաչափով են փորձում ապահովել թանգարանի մշակութային կենսունակությունը։
«Նույնիսկ ցուցահանդես բացեցինք՝ «Ալմաստ» օպերայի էսքիզների ցուցահանդեսը, որը համատեղ նախագիծ էր Հայաստանի ազգային պատկերասրահի հետ։ Բացումը արեցինք մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը։ Ցուցահանդեսը կարելի է դիտել թե՛ մեր կայքում, թե՛ ֆեյսբուքյան էջում։ Միշտ եղել է անդրադարձ բոլոր հիշարժան օրերին։ Բոլոր առիթներով առցանց տիրույթում դրել ենք հետաքրքրի նյութեր»։
Կարանտինային կյանքին կարծեք հաջողությամբ ինտեգրվել են նաև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Տնօրեն Վարդան Մկրտչյանը իրականացրած առցանց ծրագրերը թվարկում է մեկ առ մեկ։

«Այս ընթացքում իրականացրել ենք մեր հիմնական կրթական ծրագիրը, որը կոչվում է «Դասարան գումարած դասական», հիանալի արդյունք ունենք։ Մարտի 27-ից մինչև մայիսի 22-ը հեռարձակել ենք 32 հաղորդում և հունիսի մեկի դրությամբ ունեցել ենք 275 հազար դիտում։ Սա կարծում եմ փառահեղ արդյունք է։ Զուգահեռաբար ունեցել ենք առցանց խաղացանկ՝ ապահովելով 300 հազարից ավել ի դիտումներ»։
Առցանց ծրագրերին զուգահեռ` Մայր թատրոնում անգամ նոր պրեմիերաների են պատրաստվում՝ պահպանելով պարետի բոլոր ցուցումները։
«Սոցիալական հեռավորություն, դիմակներ, ձեռնոցներ․․․ամեն ինչ պահպանելով իրականացնում ենք զուտ նախապատրաստական աշխատանք, որը շատ մարդկանց ներգրավվածություն չի ենթադրում»։
Եթե պետական ենթակայությամբ գործող ու բյուջեից սնվող մշակութային օջախներում համավարակային կյանքին այս կամ այն կերպ հարմարվել են, ապա Նարեկ Դուրյանի ՝ մասնավոր հիմունքներով գործող թատրոնին, ինչպես ինքն է նշում, արդեն դեպրեսիան է սպառնում․
«Երկար ժամանակ դիմացա, բայց սկսում ենք արդեն դեպրեսիայի մեջ մտնել կամաց-կամաց։ Մասնավոր թատրոնը չի կարելի համեմատել պետականի հետ, այստեղ կա տարածքի վարձ, աշխատավարձի խնդիր։ Ահավոր հոգևոր գենոցիդ է կատարվում, ես չգիտեմ` ինչ է լինելու։
Թատրոնի աշխատակիցները կառավարության սոցիալական աջակցության ծրագրից օգտվել են, բայց դա տարածք վարձակալող ու սեփական շահույթից աշխատավարձ բաժանող թատրոնի համար հարցի լուծում չէ։ Առցանց հարթակում էլ չեն ներկայանում, դրա համար որևէ շարժառիթ չկա, ասում է Նարեկ Դուրյանը։
«Դուք համարում եք, որ դա թատրո՞ն է, դե գնանք սերիալում նկարվենք էլի։ Թատրոնում պիտի զգաս հանդիսատեսի շունչը։ Եթե պետական թատրոնները դա անում են, լավ է, որովհետև իրենց աշխատավարձի դիմաց մի բան անում են, բայց ինձ համար դա հարցի լուծում չէ»։
«Դեռ դիմանում ենք, բայց չգիտենք՝ որքան կտևի այս ամենը»,- ասում է Նարեկ Դուրյանը։
ԿԳՄՍ նախարարության մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խզմալյանն ասում է, որ մասնավոր մշակութային կոլեկտիվների ու ազատ ստեղծագործողների մասին նախարարությունում մտածում են, բայց խնդիրը կարգավորելը այնքան էլ հեշտ բան չէ, պարզվում է․
«Ամենամեծ պրոբլեմը սահմանելն , թե ով է համարվում ազատ ստեղծագործող։ Ազատ ստեղծագործողի կարգավիճակը հստակեցված չէ մեր իրականության մեջ»։
Ինչ վերաբերում է պետական կառույցներին․ ըստ Խզմալյանի՝ ամենակարևորը, որ կարողացել է անել կառավարությունը վերջինների համար, աշխատավարձերի պահպանումն է ամբողջությամբ։
«Պահպանվել են ոչ միայն աշխատավարձերը, այլև այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք օգտվում են արտաբյուջետային միջոցներից, որոնցից ըստ էության այս օրերին զրկված են մեր պետական կառույցները»։
Պարետատան հետ երկար բանակցություններից հետո վերջերս հաջողվել է ապահովել նաև մշակութային կոլեկտիվների փորձերը՝ իհարկե խիստ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ։




