
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, այնուհետեւ երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
Հայ-բելառուսական համագործակցության խորացմանը նպատակամիտված համաձայնագրեր` գյուղատնտեսության, ատոմային անվտանգության ապահովման, առեւտրի եւ սպորտի բնագավառներում: Այս ոլորտներին առնչվող 4 համաձայնագիր այսօր ստորագրվեց երկու երկրների կառավարությունների միջեւ:
Երկու երկրների նախագահները ակնկալում են, որ ստորագրված փաստաթղթերը երկկողմ համագործակցության զարգացման սպասելի խթան կդառնան:
Ողջունելով բելառուսցի գործընկերոջը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փոխանցեց, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ինքը պարբերաբար է հանդիպումներ ունենում` ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ինչպես նաեւ Եվրազեսի գագաթաժողովների շրջանակներում։
«Այս կանոնավոր հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս քննարկելու եւ լուծելու հայ-բելառուսական օրակարգի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Բարձր մակարդակով փոխայցերն առաջընթաց են ապահովում միջպետական հարաբերություններին»,-նկատեց Սերժ Սարգսյանը:
Մեր երկրի ղեկավարը ներկայացրեց այն բոլոր հարցերը, որոնք քննարկվել են Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ` տնտեսական խնդիրներից մինչեւ աշխարհաքաղաքական եւ հումանիտար հարաբերություններ, միջազգային ասպարեզում գործակցություն: Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ հետագա հարաբերությունները պետք է համահունչ լինեն երկու ժողովուրդների համատեղ պատմական հերոսական անցյալին: Այն պետք է պահպանել եւ փոխանցել սերունդներին, շեշտեց Սերժ Սարգսյանը:
Մեր երկրի ղեկավարը փոխանցեց, որ Բելառուսի նախագահին ծանոթացրել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքին։
«Ես եւս մեկ անգամ շեշտեցի, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է խաղաղություն եւ իր պատմական հայրենիքում ազատ զարգանալու հնարավորություն»,- ասաց նա` վստահեցնելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է մնացել։ «Մենք հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն հայտնեց, նրա ձեւակերպմամբ, եղբայրական երկրում ընդունելության համար և նշեց, որ Բելառուսի Հանրապետությունը պատրաստ է օգնել, աջակցել Հայաստանին՝ ցանկացած հարցում։
«Մենք պատրաստ ենք Ձեր կողքին կանգնել վերընտրվելուց հետո` առաջիկա 5 տարիներին Ձեր բոլոր ծրագրերն իրականացնելիս»:
Հարավային Կովկասում բարեկամ Հայաստանը կարեւոր եւ շատ մոտ գործընկեր է, ասաց Լուկաշենկոն` շեշտելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Բելառուսի համար երկարաժամկետ արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական առաջնահերթություն է: Նրա խոսքով` երկու երկրների համագործակցության համար չկան փակ թեմաներ` գյուղատնտեսությունից մինչեւ ռազմաքաղաքական.
«Հայ-բելառուսական երկխոսության զարգացման ընդլայնման համար կա ամուր հիմք` մեր ժողովուրդների փոխադարձ համակրանքը, բարեկամական եւ շատ վստահելի հարաբերություններ բոլոր մակարդակներում` նախագահներից մինչեւ երկու ժողովուրդների միջեւ»-շեշտեց Բելառուսի նախագահը:
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ալեքսանդր Լուկաշենկոն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




