
Ոստիկանության վերակարգերը շարունակում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել: Նպատակը՝ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելն է: Աջափնյակ վարչական շրջանում հետեւել ենք գործընթացներին:
Կրել դիմակներ եւ պահպանել սոցիալական հեռավորություն՝ փրկելով հարյուրավոր կյանքեր – այս հորդորն են կառավարության անունից բնակչությանը փոխանցում ինչպես ոստիկանական, այնպես էլ ԱԻՆ-ի շրջիկ մեքենաները:
Աջափնյակի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Մխիթար Խաչատրյանի փոխանցմամբ՝ համայնքի մարդաշատ-կենտրոնական փողոցներում տեղադրված անշարժ հենակետերում համայնքային ոստիկանության ծառայողներն իրականացնում են պարետի որոշման պահանջների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն՝ ոստիկանության զորքերի ծառայողների հետ համատեղ:

«Ցավոք սրտի, իրավախախտ անձինք շատ են: Ճիշտ է առաջին երկու օրերի համեմատ՝ քչացել են, բայց կան քաղաքացիներ, ովքեր այդ պահանջները չեն պահում: Պարետի որոշման պահանջները խախտած անձինք ենթարկվում են վարչական պատասխանատվության: Երկու օրվա իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում մի քանի տասնյակից ավելի վարչական իրավախախտման արձանագրություններ են կազմվել»:
Աջափնյակ վարչական շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես են ոստիկանության վերակարգերը հետեւում բնակիչների կողմից պարետի որոշման պահանջների կատարմանը:
Հորդորներ, զգուշացումներ ու վարչական պատասխանատվության վերաբերյալ արձանագրություններ. ոչ բոլորն են ըմբռնումով մոտենում ոստիկանական վերակարգերի խստություններին:

Ոստիկանական վերակարգերի խնդիրն է նաեւ ինչպես հասարակական տրանսպորտում, այնպես էլ սեփական տրանսպորտային միջոցներում եւ տաքսիներում մեկից ավելի անձի գտնվելու դեպքում դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարմանը հետեւելը: Դրա խախտման դեպքում կիրառվում էին նաեւ վարչական տուգանքներ, որոնց ականատես եղանք նաեւ մենք: Պարետի որոշմամբ սահմանված պայմանների խախտման համար վարչական տուգանքի չափը 10 հազար դրամ է:
Վարորդներից, սակայն, ոչ բոլորն են արդարացի համարում իրենց նկատմամբ կիրառված վարչական տուգանքները: Տաքսիներից մեկի վարորդը համաձայն չէր իր նկատմամբ կազմվող արձանագրության հետ: Պնդում էր, որ դիմակը կրել է:

Դիմակը սխալ կրած վարորդը անհամաձայնություն է հայտնում իր նկատմամբ կազմված վարչական ակտի վերաբերյալ: Ոստիկանության խնդիրը, սակայն, ոչ միայն դիմակների առկայությանն ու դրանք կրելուն հետեւելն է, այլ նաեւ՝ դրանց ճիշտ կրելու հանգամանքին հետեւելը:
Մեկ այլ վարորդ, որն անձնական մեքենայով էր երթեւեկում կնոջ հետ, նույնպես համաձայն չէր իր նկատմամբ կազմված վարչական ակտի հետ:
Այս դեպքում վարորդն ինքը դիմակ չէր կրում, իսկ կողքին նստած կինը՝ կրում էր դիմակը: Թե ինչու է անարդար համարում իր նկատմամբ կազմված վարչական ակտը, վարորդն իր բացատրությունն ուներ.
Բողոքները քիչ չեն, բայց՝ հանրային առողջության պահպանման խնդիր կա եւ պետք է կատարվի՝ շեշտեց ոստիկանններից մեկը:




