
Անցած տարի կարկտահարությունից 50-100 տոկոս վնաս կրած գյուղացիներին պետությունն օժանդակեց, սակայն այս տարի Շիրակի մարզի ցանքատարածքները 40 000 հեկտարով պակասեց։ Մասնագետների պնդմամբ, հացահատիկի սերմի պակաս կար։
Շիրակի մարզում շուրջ 2 տասնյակ խոշոր ֆերմերներ կան, որոնք խոստանում են հանրապետության հացահատիկի սերմի պահանջարկի 50 տոկոսը բավարարել, եթե պետական աջակցություն լինի։
Անցած տարի հասուն բերքը պարբերաբար կոտորող կարկուտը, գյուղացիների սրտերն էլ էր կոտորել, ասում են, էլ սիրտ ու հավես չունեինք, որ ցանք անենք։ Պետությունը 50-100 տոկոս վնաս կրած գյուղացիներին աջակցեց, Շիրակի մազին այդ նպատակով 300 մլն դրամ հատկացվեց։
Բայց՝ անցած տարվա դառը փորձից էր երևի, գյուղատնտեսական տարին Շիրակի մարզում այդքան էլ հուսադրող չմեկնարկեց, 90 000 հեկտար ցանքատարածքից ցանք է կատարվել շուրջ 60 000 հեկտարի վրա։
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյան․ «Հացահատիկի ցանքսի պակաս ունենք նախորդ տարիների համեմատ, տարի է եղել սրանից էլ է պակաս եղել, բայց այս տարի գարնանացանի ծրագիր չեղավ, աշնանացանի ծրագիր էլ՝ նախորդ տարի չէր եղել, հիմնականում այդ պատճառներն էին, որ ցանքատարածքները քիչ են։ Գարնանացանի սերմ այս տարի չներկրվեց նախորդ տարիների պես։
Հայաստանում հացահատիկային մշակաբույսերի տեղական արտադրության ավելացմանը, ներմուծման փոխարինմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական ծրագիրն ավարտվել է, նորը դեռ չի մեկնարկել։ Շիրակի մարզում շուրջ 2 տասնյակ խոշոր ֆերմերներ կան, որոնք խոստանում են հանրապետության հացահատիկի սերմի պահանջարկի 50 տոկոսը բավարարել, եթե պետական աջակցություն լինի, ասում է բազմափորձ գյուղատնտես Հունան Պետրոսյանը։

«Եթե պետությունը սուբսիդիա տա ֆերմերին, իր 160-170 դրամն ապահովի, 120 դրամով տա գյուղացուն, գյուղացին սիրահոժար իր գնումը կկատարի սերմը կթարմացնի»,- նշում է Պետրոսյանը։
Հացահատիկի սերմը թարմացնելով կրկնակի ավել բերք կստանան։
Այս տարվա գյուղատնտեսական նորույթը բերքի ապահովագրությունն է։ Գյուղատնտեսներից շատերը գյուղոլորտի ապահովագրությանը երկար էին սպասել, իսկ թե քանիսն են ապահովագրել իրենց բերքը ենթադրյալ աղետից՝ պարզ կլինի հունիս ամսին։
«Փետրվար ամսից մենք բոլոր համայնքներին շրջաբերական ենք ուղարկել, որ տվյալ ապահովագրական ընկերություններն իրականացնում են գյուղմթերքի բերքի ապահովագրություն։ Շատ դեպքերում գործակալներն իրենք են գնացել գյուղեր, չեն թողել, որ նրանք գան Գյումրի»,- ասաց Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ՝ Մովսես Մանուկյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գյուղատնտեսները մինչև մայիսի վերջ դեռ հնարավորություն կունենան ապահովագրել իրենց բերքը։




