
Տագնապախառը զգացումների 23 երկարուձիգ օրեր: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իր ապրումների մասին է անկեղծացել կորոնավիրուսը հաղթահարած Լիլիթ Գեւորգյանը: Ապրիլի 30-ից մայիսի 22-ն է նա գտնվել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողությամբ հաղթահարել հիվանդությունը: Ռադիոլուրի հետ զրույցում նա անկեղծացել է, որ շատերի նման չէր հավատում վիրուսի գոյությանը, քանի դեռ չառերեսվեց իրականությանը:
Մի՞ֆ, թե՞ զգոնության կոչող իրականություն. այս հարցը զարմանալիորեն այսքանից հետո էլ շարունակում է քննարկվել ամենատարբեր հարթակներում՝ սոցցանցերից սկսած:
Կորոնավիրուսը հաղթահարած Լիլիթ Գեւորգյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ իր մոտ սկսվեց առաջին հայացքից սովորական թվացող ջերմությունից:
Համի եւ հոտի իսպառ բացակայություն՝ որպես կորոնավիրուսի առաջին ախտանշաններ. այդ մասին արդեն հրապարակումների հանդիպում է սոցցանցերում եւ դիմում բժշկի:
Կար վախ՝ ասում է, ապա հստակեցնում, որ վախենում էր ավելի շատ ծնողների համար, թեպետ նրանք տարիքով շատ մեծ չեն: Գիտեր, որ ինքը երիտասարդ է՝ կհաղթահարի: Զարմանալի է, բայց՝ փաստ․ ամուսնու մոտ բացասական պատասխան է արձանագրվում, իսկ ծնողների մոտ՝ հաստատվում կորոնավիրուսի առկայությունը՝ ասաց զրուցակիցս: Հիվանդանոցում մեկ սենյակում են եղել եւ հաղթահարել վիրուսը: Լիլիթը կարծում է, որ չընկճվելն ու բարձր տրամադրություն պահելը՝ կարեւոր է: Այդ առումով, ինչպես նկատեցինք նրա ՖԲ էջում, Լիլիթին մենակ չեն թողել մտերիմ ընկերուհիները։
Փառք Աստծո, հիմա բոլորի մոտ ամեն ինչ լավ է՝ ասում է Լիլիթը, երախտագիտորեն հիշատակում բժիշկների անձնուրաց աշխատանքի մասին:
Կորոնավիրուսը հաղթահարած Լիլիթ Գեւորգյանը հորդորում է՝ ամենայն պատասխանատվությամբ հետեւել հայտարարված այն բոլոր կանոններին, որոնք մարդուն հնարավորինս զերծ կպահեն վարակվելու հավանականությունից:




