
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում Կարեն Գաբրիելյանը զբաղվում է Արարատյան դաշտի համար ոչ ավանդական մշակաբույսի՝ ծնեբեկի մշակությամբ: Վայրի բնության մեջ հանդիպող այս բույսը, որին ինքը ծանոթ էր տատիկի պատրաստած ճաշատեսակներից, տեսել էր նաև Եվրոպայում, որտեղ կան ծնեբեկի մշակովի շատ ցանքատարածքներ: Ձեռք էր բերել սերմերը և փորձարկել տնամերձ հողամասում: Հիմա գյուղատնտեսը ծնեբեկը մշակում է 3500 քմ տարածքի վրա:
Ծնեբեկի սածիլները Մրգաշատ էր հասցրել Կարեն Գաբրիելյանի արմատներով խոյեցի մայրական տատը։ Մինչեւ հիմա էլ նրա պատրաստած աղցանների ու ճաշի, թթու դրած ծնեբեկի համը Կարենի բերանում է։ Սերմերը տատը բերել էր Արարատի Այգեվան գյուղից ու շաղ տվել դռան դեմը։ Այդ սերմերից 70-ական թվականներին Կարենենց էլ էր բաժին հասել.

«Իհարկե, դա վայրի մերձարաքսյան տեսակի ծնեբեկն էր: Հայաստանում վայրի 7 տեսակ ունենք: Հետագայում Եվրոպայում գործուղումների ժամանակ ես տեսա մշակովի ծնեբեկի շատ ցանքատարածքներ, լավ սորտեր ունեին: Որոշեցի, որ մենք էլ պետք է մշակենք: Տասնմեկ տարի ես արդեն այս Մերի-Վաշինգտոն սորտով եմ զբաղվում»:
Ծնեբեկի ցանքատարածքներն ավելի շատ տեսել էր Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում: Հենց Ֆրանսիայում էլ հետաքրքրվել, ձեռք էր բերել սերմերը, փորձը յուրացրել սեփական հողամասում: Նպատակը մեկն էր՝ տեղական արտադրությամբ ներկայանալ ներքին շուկայում: Հետևողական աշխատանքը տվել է ցանկալի արդյունք.

«Սերմը ցանում, սածիլ ենք ստանում: Ծնեբեկի մշակության դժվարությունն ու նաև թանկությունը երկարատև աշխատանքի մեջ է, նախ՝ սերմը ցանելուց հետո դժվար ես սածիլ ստանում, հետո սածիլները մեկ տարի շարունակ պիտի մշակես, որպեսզի պատրաստ լինի դաշտ տեղափոխելուն, դաշտում էլ 2-3 տարի պիտի խնամես, որպեսզի կոճղարմատները հզորանան և ապրանքային տեսք ունեցող բերք ստանանք: Ստացվեց 4 տարի աշխատում ես, ներդրումներ անում, 5-րդ տարում՝ բերք ստանում»:
Ծնեբեկի բերքահավաքի շրջանը տևում է 2 ամիս՝ ապրիլից-մայիս: Բերքահավաքն արդեն ավարտվում է, իսկ բույսի հետ աշխատանքը դեռ շարունակվելու է:

Կարեն Գաբրիելյանը ծնեբեկի մշակությունը սկսել էր 500 քմ տարածքից հասցրել մինչև 3500 քմ-ի: Նա լավ է ուսումնասիրել ծնեբեկի հատկությունները, հիվանդությունների նկատմամբ դիմակայուն է, իսկ օգտակար հատկությունները պահպանելու համար հողը հարստացնում է օրգանական պարարտանյութերով՝ գոմաղբից ստացված կոմպոստով և բիոհումուսով, որն արտադրվում է Հայաստանում:
Ծնեբեկի միակ սպառման շուկան նախկինում մայրաքաղաքի սուպերմարկետներն էին: Այս տարի կորոնավիրուսը փոխել է Կարենի պլանները, Կարենը` ծնեբեկի իրացման ձեւերը` կազմակերպել է առցանց վաճառք: Արդյունքներից` գոհ է։




