
Հայաստանի բանկերն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 45 տոկոս շահույթ են ունեցել։ Ինչպես ամբողջ տնտեսությանը, այնպես էլ բանկային համակարգի ամենամեծ մարտահրավերը անորոշությունն է։ Որևէ մեկը չգիտի, թե համավարակը որքան կտևի։
Մոտեցել է իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար հայտարարված վարկային արձակուրդների ավարտը։ Բանկերի միությունում վարկերի վերադարձելիության որոշակի դժվարություններ ակնկալում են, սակայն փորձագետները լավատես են։
Անորոշությունն ու զգուշավորությունն է համավարակի ամենամեծ ռիսկը տնտեսության ու հատկապես բանկերի համար։ Դեռ շաբաթներ առաջ միջազգային փորձագետները կարծում էին, որ սահմանափակումների թուլացումից հետո համաշխարհային տնտեսությունը արագ ու կտրուկ կվերականգվի, սակայն որքան ժամանակն անցնում է, այնքան կանխատեսումները փոխվում են։
Կորոնավիրուսը փոխեց նաև Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ էդգար Աղաբեկյանի վարքագիծը.
«Բնականաբար մի փոքր զգուշավորություն կա, բայց ես նաև լավատես եմ։ Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության, կառավարության քաղաքականությունն ինձ ստիպում են ավելի լավատես լինել»,- ասում է փորձագետը։
Հայաստանի բանկերի համար էլ ամենամեծ ռիսկն ու մարտահրավերը համավարակի այս օրերին անորոշությունն է։ Թեևառաջին եռամսյակի տվյալները հուսադրող են, սակայն որևէ մեկը չգիտի, թե համավարակը որքան կտևի։

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ընդգծում է․ «Այսօր ամենամեծ ռիսկը այն անորոշությունն է, որ առկա է, որովհետև մենք չգիտենք կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության դանդաղման ժամկետներն ինչպիսի ազդեցություն կունենան, խորությունը, հետևանքները ինչպիսին կլինեն մեր հաճախորդների համար։ Ամենավատ սցենարների դեպքում էլ մենք կարծում ենք, որ այդ ռիկսերը կառավարելի են, դեռևս անորոշությունը մեծ է»,- նշում է Սեյրան Սարգսյանը։
«Ռադիոլուրի» հետ զրույցում տուրիզմի ոլորտում աշխատող ընկերություններից մեկի ղեկավար Դավիթն ասում է, որ ոլորտը փլուզված է, մնացել են վարկերն ու հարկային պարտավորությունները․ «Շատ բարդ է մեր վիճակը, չենք աշխատում, որ վարկերը փակենք, եռամսյա արձակուրդի ժամկետը լրացել է, հիմա չգիտենք, թե ինչ ենք անելու»։
Հայաստանի բանկային համակարգը ներառված է տնտեսության մեջ։ Ամենավառ օրինակը, արտակարգ դրության ու սահմանափակումների օրերին վարկառուներին տրամադրված վարկային արձակուրդներն էին։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վարկերի սպասարկման հետ կապված խնդիրներ տեսնում է․
«Բնականաբար, վարկային արձակուրդներից հետո ակնկալում ենք, որ որոշակի հաճախորդներ ամեն դեպքում դժվարություններ են ունենալու իրենց վարկերի սպասարկման հետ։ Եվ սա իր ազդեցությունը կունենա չաշխատող վարկերի ծավալների վրա։ Այս առումով պետք է ասեմ, որ մինչև կորոնավիրուսը ՀՀ բանկային համակարգում չաշխատող վարկերի տոկոսը 4-5 տոկոս էր կազմում, բավականին փոքր էր։ Այլ երկրների հետ համեմատած` պատմականորեն միշտ ցածր է եղել, նույնիսկ եթե այդ ցուցանիշը անգամներով փոփոխվի, ապա դա այլ երկրների հետ համադրած, դեռևս ընդունելի սահմաններում է, և մեզ համար՝ կառավարելի»,- նշում է Բանկերի միության գործադիր տնօրենը։
Նա արձանագրում է՝ ստեղծված իրավիճակն իր ազդեցությունը տնտեսվարողների ու ֆիզիկական անձանց եկամուտների վրա ունեցել է, դա նաև վարկավորման վրա է իր ազդեցությունը թողել.

«Նույն ծավալով վարկավորում չէր կարող իրականացվել, ինչը մինչև կորոնավիրուսի տարածումը, հետևաբար, պետք է փաստել, որ բանկերը շարունակում են վարկավորել, սակայն հասկանալի պատճառով վարկունակության նվազումն իր ազդեցությունն ունենում է վարկավորման ծավալների վրա»,- ասում է Սարգսյանը։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը չի կարծում, որ բանկերն անընդհատ ճնշման քաղաքականություն կվարեն, նաև նկատում է․ «Բանկային համակարգին պետք է հասկանանք, քանի որ ինքը աշխատում է ու ավանդատուների միջոցների վերադարձի խնդիր կա։ Բանկերը չեն կարող անսահման սպասել, թե ինչքան ժամանակ հետո վարկառուն գումարը կվերադարձնի, քանի որ ավանդի վերադարձման խնդիր ունի»։
Փորձագետն արձանագրում է՝ բանկային համակարգը իրացվելիության խնդիր չունի։ Խնդիրը վարկավորման ու ավանդների կառուցվածքի ծավալների փոփոխությունն է։ Եթե մինչև համավարակը դրամային ավանդներն աճում էին, այժմ հակառակ միտումներն են նկատվում․

«Սկսել են ավելի շատ դոլարային գործիքներն ավելանալ։ Ռիսկ կլինի, եթե շարունակական լինի։ Կայունության առումով ռիսկ չի լինի, իմ կարծիքով, քանի որ ԿԲ քաղաքականությունն այս առումով բավականին հավասարակշռված է»,- նշում է Էդգար Աղաբեկյանը։
Վարկերի կառուցվածքում ավելացել են հիփոթեքային ու սպառողական վարկերը, փոխարենը նվազել է արդյունաբերությանը, առևտրի, տրանսպորտի ու կապի, ֆինանսական հատվածին ուղղվող վարկավորումը։ Փորձագետն արձանագրում է, որ համավարակի ազդեցությունն ամենաշատը զգացող ոլորտներին ուղղվող վարկերային ներդրումներն են դանդաղում։ Սա տրամաբանված զգուշություն է։
Ոչ միայն հայ, այլ նաև միջազգային փորձագետներն են արձանագրում, երբեք աշխարհն այսքան անորոշ չէր եղել։ Այդուհանդերձ` սպասումները դրական են։




