ԿարևորՀասարակություն

Հայապահպանման միակ երաշխիքը Հայաստանում ապրելն է․ Զարեհ Սինանյան

Հորդանանում փակվում է վերջին հայկական դպրոցը։ Համայնքից պարզաբանում են՝ խնդիրը պայմանավորված է և՛ ֆինանսներով , և՛ պահանջարկով։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է՝ սա համատարած երևույթ է մեր գրեթե բոլոր գաղթօջախներում, որի հետ պետք է հաշվի նստել ու հայապահպանման այլ ուղիներ գտնել։

Հորդանանի հայկական համայնքը ծանր պահ է ապրում․ տեղի միակ հայկական վարժարանը փակելու որոշում է կայացվել։ Համայնքի ներկայացուցիչ Մարալ Ներսեսյանի խոսքով՝ դպրոցը մի քանի տարի արդեն այս ճանապարհի վրա էր, բայց մեկ տարի առաջ խնդիրը կտրուկ սրվեց։

«Մեկ տարի առաջ վտանգը զգացվեց դրամական խնդիրների պատճառով։ Դպրոցը դրամական օգնություն կստանար «Գյուլբենկյան» բարեգործականից և Հորդանանի ՀՕՄ-ի մասնաճյուղից։  Ֆինանսավորում էին նաև հորդանանաբնակ ոչ միայն հայ բարերարներ։ Դժվարությունները սկսվեցին մի քանի տարի առաջ, երբ Գյուլբենկյանը դադարեցրեց  օժանդակությունը, և բացը պիտի լրացներ պատրիարքարանը, որին պատկանում է դպրոցը»,- ասում է Մարալ Ներսեսյանը։

Երուսաղեմի հայոց պատրիարքության տեղական ներկայացուցչության հետ համայնքի անդամները խնդիրը քննարկել են, բայց դպրոցի գործունեությունը շարունակելու խնդրանքը մերժվել  է, ավելի շուտ պայման է դրվել՝ պատրիարքարանը կֆինանսավորի դպրոցը, եթե այն առնվազն 70 հայ աշակերտ ունենա։ Նշենք, որ հայ երեխաներից բացի, այստեղ սովորում են նաև քրիստոնյա այլ ազգի ներկայացուցիչներ` հիմնականում արաբներ։

«Այս տարի 64 աշակերտներից միայն երեսունն էին հայ, իսկ հաջորդ տարի, ինչպես ենթադրվում էր, լինելու էր միայն 17-ը։ Խնդիրն այն է, որ հայ համայնքում ոչ բոլորն են իրենց երեխաներին ուղարկում հայկական դպրոց։ Իմ անձնական կարծիքով՝ դպրոցը պետք էր պահել՝  նույնիսկ քիչ աշակերտներով, իսկ հետո աշխատել այն ուղղությամբ, որ հայերը իրենց երեխաներին հայկական և ոչ թե օտար դպրոցներ տանեին»,- նշում է Համայնքի ներկայացուցիչը։

Արդյո՞ք հնարավոր չէր խուսափել  հայկական վարժարանը փակելու գաղափարից, եթե անգամ հայազգի աշակերտների թիվը չի գերազանցում երկու տասնյակը․ Հորդանանի հայ համայնքի առաջնորդ, Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ Ավետիս  Ծ վարդապետ Իբրաճեանն ասում է՝ ոչ, քանի որ տարեց տարի միայն մեծ պարտքեր են կուտակում, այս պահին դպրոցի պարտքը կազմում է շուրջ 120 հազար դոլար։

«Մենք տարեկան 180 հազար դոլարի ծախս ունենք, ամեն դպրոց պետք է որոշ չափով ինքնաբավ լինի։ Մեր շուրջ 30 աշակերտների մեծ մասը հնարավորություն չունի հազար դոլար կրթության վարձը վճարելու։ Դպրոցը Հորդանանի մեջ ամենաէժանն է, որովհետև հայերի համար  է, մյուս դպրոցներում վարձը սկսվում է 1500 դոլարից»,- նշում է Իբրաճեանը։

Ինչ է սպասվում Հորդանանի հայ համայնքին  հայկական միակ վարժարանը փակելուց հետո, հոգևորականի խոսքով ՝  համավարակով պայմանավորված իրավիճակը շտկվելուց հետո խնդրի լուծման ուղիներ կգտնեն․

«Ես հույսով եմ, որ եկող ամիս եկեղեցու դռները բացվելուց հետո  մեկօրյա դպրոց կկազմակերպենք ամեն տարիքի հայ երեխաների համար․․․»,- ասում է Իբրաճեանը։

Նույն հարցի վերաբերյալ  համայնքի ներկայացուցիչ Մարալ Ներսեսյանի կարծիքը, ի դեպ, նույքան լավատեսական չէ․

«Հավանաբար շաբաթօրյա դպրոց կբացվի, ակումբներն էլ իրենց ջանքերը կդնեն հայապահպանության ուղղությամբ, բայց որևէ բան չի կարող փոխարինել ամենօրյա դպրոցին»,- ասում է Մարալ Ներսեսյանը։

Սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկում փակվում է հայկական վերջին դպրոցը, արդյո՞ք այստեղ որևէ անելիք ունի հայրենիքը, հարցով դիմում ենք  ՀՀ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին․

«Ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը կոնկրետ այս դպրոցի համար, իմ կարծիքով՝  շատ քիչ բան, որովհետև ի վերջո այնտեղ այդ դպրոցի համար պահանջարկ պիտի լինի։ Եվ, ընդհանարապես, Սփյուռքում հայկական դպրոցների փակումը երևույթ է, որը համատարած է։ Այնպես որ, այս երևույթը փաստ է, որի հետ ոչ թե պետք է հաշտվենք, այլ պետք է հարմարվենք և հասկանանք՝ ինչ պետք է անենք, որպեսզի հայապահպանման խնդիրը ավելի առողջ լուծումներ ստանա և կախված չլինի միայն հայոց լեզվի իմացությունից»,- ասում է Սինանյանը։

Նրա բնորոշմամբ՝ փառք Աստծո, համավարակի ընթացքում մենք տեսանք, թե կրթական տարբեր ծրագրեր իրակնացնելու ինչպիսի մեծ հնարավորություն է տալիս համացանցը, հետևաբար հայապահպանության համար ավելի լայն ու ժամանակակից հնարավորություններ են բացվել մեր առաջ։

Միաժամանակ նկատում է․ «Եթե գլոբալ ձևով նայենք խնդրին,  մի բան պետք է ֆիքսենք․ դրսում հայերը կամաց-կամաց հեռանում են հայերենից։ Այդ խնդիրը ավելի ու ավելի նկատելի է դառնում, հաշտվենք և փորձենք նոր ձևաչափեր գտնել»,- ասում է Սինանյանը։

Սփյուռքի հանձնակատարի խորին համոզմամբ՝ հայապահպանման միակ երաշխիքը Հայաստանում ապրելն է։

Կարդացեք նաև

Back to top button