
Ի՞նչ ազդեցություն կթողնի համաճարակով պայմանավորված ինքնամեկուսացման այս վիճակը սոցիումի վրա, եթե երկար տևի։ Կարծիքներ կան, որ այս վիճակը կարող է տարիներ տևել՝ ընդհուպ մինչև 5 տարի:
Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Գայանե Մարկոսյանն ասում է. «Պետք է այո ասել ու պայքարել՝ հավաքվելով մի հարկի տակ: Դա կնպաստի, որպեսզի անտարբերությանը փոխարինի հոգատարությունը»:

Նա ավելի քան վստահ է՝ դժվարությունները միավորում են մարդկանց։ Կարծում է, որ մի հարկի տակ հավաքվելը միմյանց վերարժևորելու առիթ է:
Իրեն կյանքի ուսուցիչ անվանող Գրիգոր Առաքելյանն էլ համոզված է, որ եթե մարդը սովորում է կյանքի իրադարձություններին «այո» ասել, ինչ-որ փուլից հետո հաջողությունը կգա:
«Եթե ուշադրություն դարձնենք այն մարդկանց, որոնց մոտ հաջողությունը ոչ մի կերպ չի ստացվում, կտեսնենք որ նրանք միշտ մեջքով են շրջվում դժվարություններին։ Ընդունել այն, ինչ այդ պահին տալիս է քեզ կյանքն ու հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ, միշտ ասել՝ այո»,- համաճարակին դիմակայելու բանաձևն է հուշում Գրիգոր Առաքելյանը։




