
Երևանի Շահամիր Շահամիրյանի անվան կրթահամալիրում սովորող երկու աշակերտներն ու նրանց ծնողները տհաճ իրավիճակում են հայտնվել։ Երեխաներին զրկել են հեռավար դասերին մասնակցելու հնարավորությունից վարձավճարը վերանայելու առաջարկի պատճառով։ Ծնողը նշում է, որ ոչ պետական կրթօջախում սովորող իր երեխաների կրթության իրավունքը ոտնահարվում է՝ առանց պարզաբանման ու հիմնավոր բացատրությունների։
Զառա Հարությունյանի երկու երեխաները սովորում են Շահամիր Շահամիրյանի անվան կրթահամալիրում՝ 2-րդ և 9-րդ դասարաններում։ Ինչպես Հայաստանում գործող բոլոր կրթօջախները, ոչ պետական այս հաստատությունը ևս համավարակի պատճառով անցել է հեռավար կրթության։
Մինչև «Ռադիոլուրին» դիմելու առիթ դարձած ահազանգին անդրադառնալը՝ ծնողն ընդգծում է․
«Չենք կարող ասել, որ լիարժեք անցել ենք հեռավար ուսուցման, քանի որ դպրոցում շատ ավելի մեծ թվով առարկաներ են անցնում։ Սկսել ենք անցնել մարտի 20-ից հետո՝ 22-23-ին։ Փոքր տղաս օրական երկու դաս էր ունենում 1 ժամ 20 րոպե տևողությամբ, իսկ 9-րդ դասարանցի աղջկաս դեպքում, քանի որ ուսուցիչներից շատերը տեխնիկական դժվարություններ էին ունենում, դասերը մեկ ու մեջ էին անցկացվում»։
Ծնողի դիտարկմամբ՝ հեռավար ուսուցման պայմաններում դպրոցի մատուցած ծառայությունների ծավալը էականորեն կրճատվել է․ խոսքը ոչ միայն ուսուցանվող առարկաների ու դասաժամերի, այլև, օրինակ, լրացուցիչ պարապմունքներին տրամադրվող հավելաժամերի, կամ երեխաներին տրամադրվող սննդի ծառայության մասին է։ Ծնողի համոզմամբ՝ հեռավար կրթությունն այս ամիսներին կազմակերպվել է ոչ պատշաճ։ Հեռավար ժողովի ժամանակ Զառա Հարությունյանն առաջարկել է վերանայել վարձավճարը, որը կրթահամալիրում ամսեկան 45 հազար դրամ է։
«Ժողովի ժամանակ պարզապես դիմել եմ տնօրենին՝ խնդրելով փոխադարձ աջակցություն ցուցաբերել և ինչ-որ չափով վերանայել վարձը։ Չվճարելու մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Սակայն շատ տհաճ մթնոլորտ ստեղծվեց, տնօրենի կողմից վիրավորանքներ ծնողական կոլեկտիվի ներկայությամբ, անգամ ինձ առաջարկվել է «հեռանալ» ժողովից»։
Ծնողին ժողովից «հեռացնելով» հարցը չի սահմանափակվել։ Զառա Հարությունյանի երկու երեխաները հեռացվել են հեռավար դասերից։ Ընդ որում, ինչպես ծնողն է նշում, շատ կոպիտ և առանց որևէ պարզաբանման։ Սա այս պատմության, թերևս, ամենատխուր դրվագն է․
«Տղայիս դասղեկը վայբերի բոլոր առարկայական խմբերից մեզ հանեց՝ նախապես ոչինչ չասելով ու չպարզաբանելով։ Դա եղել է մայիսի 14-ին։ Ոչ զանգերիս, ոչ նամակիս տղայիս դասղեկը չի արձագանքել»։

Երկուշաբթի օրվանից հեռավար բոլոր դասերից հեռացված է նաև Զառայի 9-րդ դասարանի աղջիկը։ Այսինքն երկու երեխաները այս ընթացքում զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Շահամիր Շահամիրյանի անվան կրթահամալիրի տնօրենի հետ, սակայն Լոլա Միխայլովնայի հեռախոսահամարին ուղղված մեր բազմաթիվ հեռախոսազանգերը միայն նման արձագանքի էին արժանանում․
«Բաժանորդի հեռախոսն անջատված է, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս»։
Ներկայացված դեպքում չի՞ խախտվել արդյոք երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, եթե այո, ապա ինչպե՞ս այն վերականգնել․ մեր հարցադրմանը ՄԻՊ գրասենյակի արձագանքն այսպիսին էր․ ոչ պետական կրթօջախների մասով ՄԻՊ-ը որևէ լիազորություն չունի։ Ծնողին կարող է տրամադրվել խորհրդատվություն, եթե զանգահարի 116 հեռախոսահամարով։
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նաև կրթության տեսչական մարմին։ Ներկայացնում ենք հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանի հետ հեռախոսազրույցը։
«Այդ դիմումը մենք ստացել ենք, գործը ընդունվել է վարչական վարույթ։ Իրականացվում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո հնարավոր կլինի միայն եզրակացություն անել և ասել՝ ինչ իրավիճակ է այդ դպրոցում»։
Ինչպիսի՞ն կլինի կրթության տեսչական մարմնի եզրակացությունը, այս պահին դեռ հստակ չէ։ Հստակ է ծնողի դիրքորոշումը․
«Միանշանակ՝ այս դպրոցում այլևս չենք շարունակի, ոչ ցանկություն ունենք, ոչ տրամադրություն։ Եթե ուսուցչուհին երեխայի առաջ «դռներ» է փակում, ես նույնիսկ խոսքեր չեմ գտնում»։
Զառա Հարությունյանը տեղեկացնում է, որ տարվա առաջին երեք ամիսների գումարը ամբողջությամբ վճարել է, չնայած մարտին, ինչպես արդեն նշվեց, հեռավար դասերը սկսել են ամսվա վերջին։ Ինչևէ, «Ռադիոլուրը» պատրաստ է լսել ու ներկայացնել նաև Շահամիր Շահամիրյանի անվան կրթահամալիրի տնօրենության տեսակետը, եթե վերջինը իրավիճակը պարզաբանելու ցանկություն հայտնի։




