ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ.Առավել շատ լուսաբանվել են Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը:
Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն, ըստ զեկույցի, կատարել են թեկնածուներին անվճար եթերաժամանակ տրամադրելու իրենց պարտավորությունը, բոլոր թեկնածուներն օգտագործել են իրենց անվճար եթերաժամանակը: Հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասի (ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի կողմից մշտադիտարկման ենթարկված) կողմից քարոզարշավի լուսաբանումը կրել է ֆորմալ բնույթ. լուսաբանելիս այդ լրատվամիջոցները կենտրոնացել են հիմնականում նախընտրական քարոզարշավի միջոցառումների վրա, թեկնածուների քարոզարշավում ներկայացվող ուղերձների վերաբերյալ վերլուծական մեկնաբանում չեն կատարել:
Լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել քաղաքական և ընտրություններին առնչվող տեղեկատվությանը. ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտարկած լրատվամիջոցները կանոնավոր կերպով լուսաբանել են բոլոր թեկնածուներին: Առավել շատ լուսաբանվել են Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, ներկայացվել է նրանց քարոզչական գործունեության գերակշիռ մասը: