ԿարևորՀասարակություն

Կապանում հանրային տրանսպորտից օգտվում են՝ չխախտելով կանոնները

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը սկսել է գործել։ Պարետի որոշմամբ` անվտանգության կանոններ են սահմանվել։ Քաղաքացիներին արգելվում է առանց դիմակ-ձեռնոցի մտնել տրանսպորտ։ Վարորդը իրավունք չունի փոխադրել կանգնած ուղևորների, ուղևորների ընդհանուր թիվն էլ չպետք է գերազանցի նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին։ Կապանում բնակիչները հիմնականում պահպանում են կանոնները։ Որոշակի դժվարություններ կան վարորդների համար։

Կապանում հանրային տրանսպորտի աշխատանքի վերսկսումը ամենից շատ ուրախացրել  է 12-ամյա Նարե Բադալյանին։

«Մինչև հիմա ոտքով էի գալիս, Շինարարների փողոցից, բայց հիմա, որ ավտոբուս կա, լավ է,  բայց պետք է պահպանել հիգենիայի կանոնները։ Եթե կողկինս դիմակ չի հագնում, ես վեր եմ կենում, գնում մենակ նստում»։

Նարեի հետ զրուցում ենք 6 համարի ավտոբուսում։ Ես էլ ախտահանեցի ձեռքերս, նստեցի տրանպորտ ու մոտեցա հենց նրան` մեքենայում ամենափոքր ուղեւորին։

Ուղևոր Մելանյա Աղագուլյանի խոսքով՝ վարակը  շարունակում է իրենն ասել, ուստի հավուր պատշաճի հետևում է պարետի որոշումներին։

 «Մի քիչ դժվար է, բայց պետք է համբերենք, մեր առողջության համար է դա։ Այնպես չէ, որ ստիպողաբար է, մենք մեզ ու շրջապատի համար ենք անում»։

«Բարև Ձեզ հարգելի քաղաքացիներ, ՀՀ Ոստիկանությունը հորդորում է խստագույնս հետևել պարետի որոշումներին․ տնից դուրս գալիս անպայման կրել ձեռնոց ու դիմակ, անպայման ենթարկվել հիգիենայի ու անվտանգության  կանոններին։ Դրանք խախտելու դեպքում կենթարկվեք օրենքով սահմանված պատասխանատվության»։

Հերթական կանգառում ավտոբուս բարձրացան ոստիկանները, հետեւեցին, թե ինչպես են պահպանվում անվտանգության կանոնները։ Ավտոբուսում փակցված պաստառներն էլ իրենց հերթին են հուշում, թե ինչ պետք է անել արտակարգ դրության ժամանակ, բացի այդ մուտքի դռան մոտ կան ալկոգելներ։

Վարորդ Համլետ Շահնազարյանն ասում է` դիմակով ու ձեռնոցով  են լինում մշտապես, երկու-երեք  ժամը մեկ էլ  փոխում են։ Սակայն որոշակի դժվարություններ կան։

«Մարդը դիմակով բարձրացել է ավտոբուս, հենց նստում է հանում է դիմակը։ Վարորդի պարտականությունների մեջ չի մտնում, որ կարող է համ մեքենա վարել, համ էլ հայելիով նայի ու տեսնի այդ մարդը դիմակ կրում է, թե հանել է։ Դա մի քիչ դժվար է»։

Անխոս թագավարակը արհեստականորեն բարդացրել է բոլորիս կյանքը, սակայն այն շուտ հաղթահարելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։

Back to top button