ԿարևորՀասարակություն

«Պետք լինի, տասն անգամ էլ կգամ»․ Արշակ Կարապետյանն ապրիլյան հանձնաժողով է հրավիրվել երկրորդ անգամ

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին արդեն երկրորդ անգամ է մասնակցել վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը։ Նա Ապրիլյան պատերազմի օրերին զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը:

 «Ինձ վերաբերող բոլոր հարցերը գաղտնի են». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին զգուշացնում  է  ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը։

Նա Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից 2016-ի ապրիլի վերջին, այժմ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի խորհրդականն է:

Խորհրդարանական  հանձնաժողովում գեներալ-մայորը հյուրընկալվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ Արշակ Կարապետյանը  հանձնաժողով էր եկել նախորդ տարվա հոկտեմբերին։  Հանդիպումից հետո հրաժարվել էր պատասխանել լրագրողների   հարցերին: Այսօր երկու ժամ տևած նիստից հետո նա բացատրեց․ ոչ թե խուսափում է լրագրողներից, այլ իրեն առնչվող  հարցերը գաղտնիություն են պահանջում։ Իսկ ինչու է հանձնաժողով հրավիրվում երկրորդ անգամ։

«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի, մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում»,- ասաց Կարապետյանը։

Մամուլը գրել էր, որ Արշակ Կարապետյանին նորից հրավիրելու անհրաժեշտությունն առաջացել է ապրիլյան հանձնաժողովի նիստին Սերժ  Սարգսյանի մասնակցությունից հետո։ Սարգսյանն, ըստ լրատվամիջոցների,  Կարապետյանին  վերաբերող տեղեկություններ էր փոխանցել, ինչն էլ  նրան երկրորդ անգամ հրավիրելու  պատճառ է դարձել։

Կարապետյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ, թե Սերժ Սարգսյանն ինչ  պատասխաններ է տվել։  Իսկ հանձնաժողովի նիստին  Արշակ Կարապետյանի  առաջին մասնակցությունից հետո Անդրանիկ  Քոչարյանը, մասնավորապես,  ասել էր․ բոլոր նախադրյալները եղել են, որ հակառակորդը պատրաստվում է հարձակման։ Արդյո՞ք Կարապետյանը հանձնաժողովին  նման տեղեկություն է փոխանցել։

«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ`հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ: Երկու պատասխանն էլ շատ կարևոր են. եթե չենք իմացել, դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել են,  դա էլ է կարևոր: Հարցն այն չէ, որ ես չեմ ուզում խոսել: Հարցն այն է, որ մենք չենք կարող սա իրենց ասել, շատ վտանգավոր է»,- նշեց Արշակ Կարապետյանը:

Եթե պետք լինի,  Կարապետյանը  պատրաստ է տասն անգամ էլ  գալ հանձնաժողով ու պատասխանել հարցերին։ Նման պատրաստակամություն, անգամ մեկ անգամ, պատրաստ չէ  դրսևորել գեներալ, գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ  Կարապետյանին   երկրորդ անգամ հրավիրելն էլ կապված էր  Խաչատուրովի չգալու հետ։

«Եթե կրկին կանչել ենք,  նշանակում է՝  վերլուծությունների արդյունքում հարցեր են առաջացել: Եվ հանձնաժողովի այսօրվա նիստում հանգամանորեն ճշտվել են այդ հարցերը: Հաջորդը, ում հրավիրել ենք,  Էդվարդ Նալբանդյանն է: Այս պահի դրությամբ տվել է համաձայնություն, որ կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին։ Նախատեսվում է, որ քննիչ հանձնաժողովի նիստը կանցկացնեն մայիսի 26-ին կամ 27-ին»,- ասաց Քոչարյանը:

Հանձնաժողովի հարցերին պատրաստ է պատասխանել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, սակայն այս պահին հանձնաժողովը   նրան     հրավիրելու որոշում դեռ չունի։ Նախատեսվում է, որ  հանձնաժողովն իր գործունեությունը  կավարտի հունիսի 4-ին, իսկ  ուսումնասիրությունն ամփոփող  զեկույցը կներկայացնի աշնանային նստաշրջանի ընթացքում։

Back to top button