Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը մանկապարտեզ. պարետատան կանոնները՝ նախադպրոցական հաստատությունների համար


Հրապարակվել են ՀՀ պարետի սահմանած կանոնները՝ մայիսի 18-ից վերաբացվող մանկապարտեզների աշխատանքների կազմակերպման համար (անվտանգության կանոններն ամբողջությամբ՝ այստեղ).
Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը մանկապարտեզ:
Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ:
Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսային հիվանդության բարձր ռիսկային խմբում գտնվող անձանց՝ աշխատանքի մեջ ներգրավելւց:
Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
Հաճախման առաջնահերթություն տալ այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ:
Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ հավաքների ու ժողովների անցկացումը:
Սահմանվում են նախակրթական հաստատության ամենօրյա ախտահանման կանոններ,
Ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:
Օրական առնվազն երկու անգամ երեխաները ջերմաչափվում են: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն:
Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։
Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:
Առողջ և անվտանգ պայմանների ապահովման
պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության (մանկապարտեզի) տնօրենը: