
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում խոսել է մեր ընդհանուր վարքագծի մասին։
Անդրադառնալով արտակարգ դրության ժամկետի երկարաձգմանը՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ նոր վարքագծի կանոնները պահպանելու համար անհրաժեշտ է նոր ռեժիմ:
«Արտակարգ դրության երկարաձգումը ինքնանպատակ չէ, այն հրամայական է՝ հակահամաճարակային գործողություններին միտված հիմք, առանց որի չենք կարող շարունակել: Ուստի կոչ եմ անում ընդդիմախոսներին սթափ դատել և ուշադրություն դարձնել խոսքին, այն մեծ ուժ ունի»,- նշել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ գործելու են արդեն հայտնի կանոնները, և ներդրվելու են նոր վարքագծային կանոններ, միաժամանակ պատասխանատվության խիստ միջոցներ են սահմանվելու:
Ըստ Թորոսյանի՝ կորոնավիրուսի հիվանդացության թվերի աճին զուգահեռ անցում կկատարվի տնային բուժման համակարգին, ասիմպտոմ հիվանդները բուժումը շարունակելու են տանը: Հիվանդանոցներում մնալու են միայն բուժման կարիք ունեցող քաղաքացիները, նշել է նախարարը։




